Panorama.am-ը գրում է.
Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է, և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էրդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Կիևում անցկացվող Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,-պայմանավորվածությունները թվարկել է ԱԳ նախարարը:
Նա նշել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:



