Hraparak.am-ը գրում է.

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում երեկ հայտնաբերված հայ ընտանիքի 4 անդամների սպանության կասկածյալն արդեն ձերբակալվել է, վերջինս, ի դեպ, ազգությամբ հայ է: Այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակից Վահան Խաչվանքյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին հայտնաբերել են սպանված Քաչոտյանների հայ ընտանիքի` 37-ամյա մորը և երեք երեխաներին` 18, 16 և 7 տարեկան: Ըստ տեղեկությունների՝ սպանվածներին հայտնաբերել է հարևանը:

Սպանված մոր, որդու և դուստրերի դիակները նկատվել են սպանությունից մի քանի օր անց: Մայրը և դուստրերը մահացել են գլխին բութ գործիքի հարվածից, իսկ որդին խեղդամահ է արվել: Ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի ՌԴ-ում: Ջավախքի մեր աղբյուրի հետ, ով ծնունդով Վաչիան գյուղից է, պատմեց հետեւյալը. «Գյուղում ցնցված են բոլորը: Խեղճ, խաղաղ ընտանիք էր: Տան տղամարդն արտագնա աշխատանքի էր:

Գյուղն ամբողջությամբ հայաբնակ է: Նախնական որևէ կասկած չկա, որ այլազգիների ձեռքի գործ է: Իրավապահներն զբաղվում են: Մինչև երեկո, կարծում եմ, որոշ բաներ կպարզվեն»:  Դեսպանատան աշխատակից Վահան Խաչվանքյանից տեղեկացանք, որ ընտանիքի հայրն արդեն պատրաստվում է վերադառնալ: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Վրաստանի ոստիկանությունը կապի մե՞ջ է դեսպանատան հետ, ի՞նչ տեղեկություններ ունեն. «Մենք ստացել ենք որոշակի լրատվություն մեր հավաստի աղբյուրներից, ավելին չեմ նշի: Կարող եմ ասել, որ արդեն ձերբակալել են այդ հանցագործին, հայ է: Մոտավոր տեղեկությունն այն է, որ ենթադրվում է՝ ինքը գիշերը մտել է այդ տունը բռնաբարելու նպատակով կնոջը, հետո երեխաներն են արթնացել և ինքը սպանել է ինչ-որ ծանր առարկայով»: Նշենք նաև, որ այս ահասարսուռ սպանության գործով շրջանառվում է ևս մեկ վարկած, այն է, որ սպանություն կատարած անձը տուն է մուտք գործել գողության նպատակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել