Պորտուգալիա - Ֆրանսիա
Եվրո-2016, եզրափակիչ
«Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ, ժամը՝ 23:00
գլխ. մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)
բուքմեյքերներ՝ 4.54 - 3.17 - 2.11

Եվրոպայի 2016 թվականի առաջնությունն ավարտվում է: Տարվա ֆուտբոլային գլխավոր իրադարձության եզրափակչում հանդիպում են Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները:

Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ Եվրոպայի առաջնության եզրափակչում է: 2004 թվականին անհաջող փորձից հետո 12 տարի անց Ֆերնանդու Սանտուշի սաները փորձելու են արժանանալ ոսկե մեդալներին:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն ֆրանսիացիները սեփական հարկի տակ անցկացվող Եվրոյում ավելի քան հաղթական են տրամադրված: Ամբողջ Ֆրանսիան Դիդիե Դեշամից և խաղացողներից չեմպիոնություն է ակնկալում:

Անցած ճանապարհ

Պորտուգալիայի ընտրանին մի կերպ դուրս եկավ F խմբից. 3 ոչ-ոքիներից հետո «եվրոպական բրազիլացիները» 3-րդ հորիզոնականը զբաղեցրին: 1/8 եզրափակչի խաղը Պորտուգալիան նույնպես ոչ-ոքիով ավարտեց, իսկ լրացուցիչ ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կուարեժմայի գոլն ազգային ընտրանուն դուրս բերեց քառորդ եզրափակիչ: ¼-ում կրկին ոչ-ոքի լեհերի հետ՝ 1:1, իսկ 11 մետրանոցներով հաղթանակ: Կիսաեզրափակչում Պորտուգալիայի ընտրանին տարել է առայժմ միակ հաղթանակը՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով Բելգիայի հավաքականի դարպասը:

Ֆրանսիայի հավաքականը A խմբում վստահորեն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: Տանտերերը նախ 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեցին իռլանդացիներին՝ 2:1, իսկ քառորդ եզրափակչում, որը մրցաշարի դեռևս ամենագոլառատ խաղն է, հաղթեցին հայտնություն Իսլանդիային՝ 5:2: Կիսաեզրափակչում, ինչպես պորտուգալացիները, ֆրանսիացիները ևս 2:0 հաշվով հաղթանակ տարան: Դեշամի սաներին չկարողացավ կանգնեցնել Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան:

Հավաքականների դիմակայության պատմություն

Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները միմյանց դեմ ընդհանուր առմամբ 6 հանդիպում են անցկացրել: Բոլոր դեպքերում ընդհանուր հաղթանակ է տարել Ֆրանսիան. 4 անգամ հիմնական ժամանակում, 2-ը՝ լրացուցիչ ժամանակներով: Վերջին հանդիպումները կայացել են 2014 և 2015 թվականներին: Եվրոն հյուրընկալող ֆրանսիացիները միևնույն խմբում են ընդգրկված եղել Պորտուգալիայի հետ և հաղթել են ընկերական խաղերում՝ 2:1 և 1:0:

Մարզիչների խոսքը եզրափակչից առաջ

 

Ֆերնանդու Սանտուշ. «Վստահ եմ՝ Պորտուգալիան պատմություն է կերտելու այսօրվա խաղում: Թիմը հենց մեկնարկից վստհ է իր ուժերին: Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիայում խոսակցությունները շարունակեն, թե իբր անարդարություն է Պորտուգալիայի չեմպիոնությունը: Մեր հավաքականը փորձառուների և երիտասարդների միացորում է: Բոլորս մեկ գործի ենք:

 

Ֆրանսիան Գերմանիայի ընտրանու դեմ խաղում իր կարգը ցույց տվեց: Սպասվում է խաղ երկու հզոր հավաքականների մասնակցությամբ: Մեր մարտավարությունը հաղթանակի ճանապարհը գտնելն է»:

 

Դիդիե Դեշամ. «Մենք Եվրոպայի չեմպիոն դառնալու շանս ունենք: Պետք է օգտագործել այդ հնարավորությունը՝ մտածելով բացառապես ներկայի մասին: Բոլորը հասկանում են, թե Եվրոյի եզրափակչում խաղալն ինչ է: Հաճելի փորձ էր 2000 թվականին Եվրոպայի չեմպիոն դառնալը, սակայն չեմ սիրում անցյալի մասին խոսել. այժմ այլ պատմություն է, և իհարկե, ես այս ամենի մասնիկն եմ հանդիսանում:

 

Պորտուգալիան շատ ուժեղ է և հենց այնպես չէ, որ եզրափակչում է: Մրցաշարի մեկնարկում ինչպես մեզ, այնպես էլ իրենց քննադատում էին, սակայն հասանք եզրափակիչ: Պորտուգալիան հզոր պրեսինգ չի առաջադրի, սակայն կարող է լավ հակագրոհել՝ օգտագործելով հարձակվողների արագությունը»:

 

Հավանական մեկնարկային կազմեր

 

Պորտուգալիա. Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ֆոնտե, Գերեյրու, Վիլիամ, Ադրիեն, Ժոաու Մարիու, Սանշեշ, Նանի, Ռոնալդու

 

Ֆրանսիա. Լյորիս, Սանյա, Կոնսիելնի, Ումտիտի, Էվրա, Սիսոկո, Մատուիդի, Պոգբա, Պայե, Գրիզման, Ժիրու

 

Ընտրանիները մարտունակ կազմերով են մոտենում մրցավեճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել