Հիսուս ասում է.
- Զգո՛ւյշ եղեք, մի՛ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին. իմացե՛ք, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հորը. որովհետև Մարդու Որդին եկավ փրկելու կորածը։ Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխարներից մեկը կորցնի, իննսունինը ոչխարները լեռան վրա չի՞ թողնի ու չի՞ գնա փնտրելու կորած ոչխարը։ Եվ եթե պատահի, որ գտնի, վստա՛հ եղեք, թե ավելի՛ կուրախանա այդ ոչխարի համար, քան իննսունինը ոչխարների համար, որոնք կորած չեն։ Նմանապես իմ Հայրը, որ երկնքում է, չի ուզում, որ այս փոքրիկներից մեկը կորչի:
(Մատթեոսի ավետարան 18:10-14)
Արդարև, Աստծու տնօրինությունը, որ հույները հիմարություն են համարում, իմաստնագույն է, քան մարդկային որևէ իմաստություն, և Աստծու խաչը, որ հրեաները տկարություն են համարում, ավելի զորեղ է, քան մարդկային ամեն զորություն։
Եղբայրնե՛ր, դուք ինքնե՛րդ դատեցեք. ի՞նչ էիք, երբ Աստված կանչեց ձեզ։ Ձեզնից քանի՞սն էին իմաստուն, հզոր կամ ազնվատոհմ մարդկային չափանիշներով։ Բայց Աստված ընտրեց այն, ինչ որ այս աշխարհը հիմար է համարում՝ նրանով իմաստուններին ամոթով թողնելու համար. ընտրեց այն, ինչ որ այս աշխարհը տկար է համարում՝ նրանով հզորներին ամաչեցնելու համար. և ընտրեց այն, ինչ որ այս աշխարհը անարժեք, արհամարհելի և ոչնչություն է համարում՝ նրանով այս աշխարհի մեծություններին ոչնչացնելու համար։ Եվ սա նրա համար, որպեսզի ոչ մի մարդ չպարծենա Աստծու առաջ, որովհետև Աստված ի՛նքն է, որ ձեզ բերեց միացրեց Քրիստոսին, և մենք Քրիստոսո՛վ ճանաչեցինք Աստծու իմաստությունը և գտանք մեր արդարությունը, սրբությունն ու փրկությունը, որպեսզի, ինչպես գրված է մարգարեության մեջ. «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա»:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 1:25-31)