Lurer.com-ը գրոում է.

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Յոզգաթի գրասենյակի` մեծ աղմուկ բարձրացրած պաստառները հանվել են շենքի վրայից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Յոզգաթի Աքդաղմադեն գավառում կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմի նկարը փակցրել էին նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նկարի վրա: Ընդ որում, փոխվել էր միայն դեմքի հատվածը:

Սոցցանցերում հայտնված այս լուսանկարը մեծ աղմուկ էր բարձրացրել: Օգտատերերը դժգոհություն էին հայտնել այն փաստի առնչությամբ, որ կուսակցությունը Դավութօղլուի նկարը հանելու և դրա փոխարեն Յըլդըրըմի նկարը փակցնելու փոխարեն նախընտրել է նախկին նկարի վրա տեղադրել նոր վարչապետի նկարը՝ այն էլ միայն գլխի հատվածը:

Այս աղմուկից հետո կուսակցության շենքի վրայի պաստառից հանվել էր Յըլդըրըմի գլուխը և այս պահին շարունակում է մնալ նախկին՝ Դավութօղլուի լուսանկարը:

Տեղի տալով բարձրացված աղմուկին` կուսակցության գրասենյակն արդեն ամբողջությամբ հանել է փակցված պաստառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել