Շատ հաճախ դիմահարդարումը դառնում է փրկություն կանանց և աղջիկների համար, քանի որ մեզնից շատերը նկատում են թեթև թերություններ, որոնք կարելի է շտկել դիմահարդարման միջոցով:
Թե ինչպես կատարել ճիշտ դիմահարդարում և շտկել դեմքի թերությունները` կպատմի դիմահարդար-վարսահարդար Սոնա Սահակյանը:
- Անհրաժե՞շտ է ուշադրություն դարձնել մաշկի գույնին մինչ դիմահարդարումն սկսելը:
- Իհարկե, թուխ մաշկ ունեցող աղջիկներին և կանանց խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի բնական գույնից մեկ երանգ բաց քսուքներ, իսկ սպիտակամորթներին` ինչպես համապատասխան երանգի, այնպես էլ մեկ երանգ մուգ քսուքներ. հատկապես ձմռանը դա կօգնի խուսափել շատ գունատ տեսքից:
- Ինչպե՞ս կարելի է դիմահարդարման միջոցով քողարկել դեմքին առաջացած բշտիկները:
- Նախ և առաջ անհրաժեշտ է թրջել դիմաբամբակը տվյալ մաշկին համապատասխան մաքրող հեղուկով և լավ մաքրել մաշկը, հետո այն պատել քողարկող քսուքի բարակ շերտով, որպեսզի չփայլի: Այնուհետև բշտիկը պատել կոշտ դիմահարդարիչ քողարկող քսուքով (մատիտի ձև ունեցող): Դրանից հետո կարող եք ամբողջ դեմքը պատել դիմափոշու բարակ շերտով:
- Ինչպե՞ս կատարել ճիշտ դիմահարդարում:
- Քանի որ այժմ ձմեռ է, մաշկն ավելի շատ խոնավացման կարիք ունի, քան ամռանը: Ձմռանը մաշկը հաճախ կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը: Դեմքի մաշկը թարմ պահելու համար պետք է օգտագործել խոնավացնող քսուքներ: Դեմքը խոնավացնելուց հետո այն պատեք երանգավորող կրեմով ու դիմափոշով: Ընդգծեք հոնքերը դրանց համար նախատեսված մատիտով և եզրափակեք դիմահարդարումը շրթներկով:
- Ինչպե՞ս կարելի է նեղ ու փոքր աչքերը մեծացնել դիմահարդարման միջոցով:
- Առավել հաճախ տարածված ցանկություններից է նեղ աչքերի մեծացումը դիմահարդարման միջոցով, քանզի խոշոր աչքերը միշտ համարվել են գեղեցիկ ու հրապուրիչ: Նեղ աչքերին խոշոր, հրապուրիչ տեսք տալու համար անհրաժեշտ է վերևի և ներքևի կոպերն ընդգծել ուրվագծային մատիտով: Սև ուրվագծային մատիտը աչքի մեջ քսելիս ավելի փոքրացնում է աչքը և կոկիկ տեսք հաղորդում: Եթե ուզում եք, որ Ձեր աչքերն ավելի խոշոր երևան, սև մատիտի փոխարեն օգտագործեք սպիտակ ուրվագծային մատիտ, վառ գույն ունեցող ստվերաներկ՝ մոռանալով մուգ երանգների մասին:
- Ձմռանը շրթներկի ո՞ր երանգներն են համարվում նորաձև:
- Վարդագույն շրթներկը և շուրթերի համար նախատեսված փայլը այս տարի նույնպես համարվում է նորաձև, հարկավոր է ուղղակի ճիշտ ընտրել երանգը: Շրթներկը պետք է լինի փայլուն, շուրթերը պետք է ունենան գայթակղիչ տեսք՝ ընդգծելով Ձեր կանացիությունը: Խոնավ փայլը շուրթերը դարձնում է հյութեղ, բնական: Այս տարի այն ավելի նորաձև է համարվում, քան շրթներկը: Շուրթերն ընդգծելու համար համարձակորեն կարելի է օգտագործել շուրթերն ընդգծող մատիտ: Բարակ շուրթերը կարելի է ընդգծել մի քիչ ավելի լայնացնելով շուրթերի շրջանակն ու մակերեսը:
- Հայտնի է, որ կանանց գրավչության 70%-ը պայմանավորված է մազերի առողջ տեսքով, փայլով և նորաձև սանրվածքով: Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց՝ ձմռանը մազերը ճիշտ խնամելու առումով:
- Ձմռանը շատ հաճախ մենք կրում ենք գլխարկներ, որը հանելուց հետո մազերը խառնված են լինում կամ կորցնում են իրենց ձևը: Այդ պատճառով, մինչև գլխարկ կրելը խուսափեք մազերին քսել յուղային նյութեր, քանի որ գլխարկի տակ տաքանալով` այդ նյութերը վերականգնում են իրենց որոշակի հատկությունները և բացասական ազդեցություն ունենում մազերի վրա: Եթե Ձեր մազերը երկար են, գլխարկը դնելուց առաջ հավաքեք մազերը և վերև բարձրացրեք: Գլխարկը հանելուց հետո գլուխը կախելով մազերը առաջ բերեք և թեթևակի մերսեք մազարմատները՝ մազերին որոշակի ծավալ հաղորդելով:
- Ձմռանը վարսահարդարիչի հաճախակի օգտագործումից մազերի ծայրերն ավելի հաճախ են ճյուղավորվում: Ի՞նչ կարելի է անել նման դեպքերում:
- Նման դեպքերում մազերը կարելի է մի փոքր կտրել, սակայն կարելի է օգտագործել հատուկ քսուքներ՝ այդ երևույթը կանխելու համար:
- Արդյո՞ք մազերը հաճախակի կտրելը փարթամություն է հաղորդում նրանց:
- Մազերին փարթամություն են հաղորդում կտրվածքները, քանի որ մազերը չեն ձգվում ներքև և ավելի թեթև են: Կարելի է օգտագործել այնպիսի շամպուններ, որոնք նախատեսված են մազերին փարթամություն և փայլ հաղորդելու համար:
- Ինչպե՞ս կարելի է բնական միջոցներովպայքարել թեփի դեմ:
- Նիվենու (էվկալիպտ) յուղը կօգնի Ձեզ ձերբազատվել թեփից (քսել մազերի արմատներին)` միաժամանակ նպաստելով մազերի աճին և նույնիսկ արյան մեջ շաքարի քանակության նվազեցմանը:
Հարցազրույցը` Արմինե Հակոբյանի