«Օսկար-2013» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը դեռ ժամանակ կա. այն կանցկացվի փետրվարի 24-ին, բայց աստղերն արդեն սկսել են խորհրդակցել ոճաբանների հետ, փորձել դիզայներական հագուստներ, հայելու առաջ բեմադրել շնորհակալական ելույթներ և պատրաստել թաշկինակներ: Իսկ մինչ այդ մենք որոշել ենք հիշել կինոարտադրության գլխավոր իրադարձության պատմության ականավոր և հետաքրքրաշարժ փաստերը:
Օսկար, ոչ թե Ջոն կամ Դասթին
Ձեզ մոտ երբևէ հարց չի՞ ծագել, թե ինչու հենց Օսկար, այլ ոչ թե Ջոն, Պիտեր կամ Դասթին: Տարբերակներից մեկում մրցանակաբաշխությունը, որի պաշտոնական անվանումը համարվում է «Վաստակի համար Ակադեմիայի մրցանակը», իր անվանումը ստացել է Ակադեմիայի գրադարանավարուհի Մարգարեթ Հերրիկի «թեթև ձեռքով», որն ինչ-որ կերպ նկատել է, որ արձանիկը նման է իր քեռի Օսկարին: Այլ պատմաբաններ ենթադրում են, թե իբր իրականում նրան այդպես է անվանել ամերիկացի հայտնի դերասանուհիներից մեկը՝ Բետտի Դեյվիսը: Առաջին անգամ «Օսկար» անվանումը գործածվել է վեցերորդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:
Չափը նշանակություն ունի
Արձանիկի քաշը շուրջ երեք կիլոգրամ է, իսկ երկարությունը կազմում է 34 սմ: Յուրաքանչյուր արձանիկը պատրաստված է պղնձից, նիկելից, արծաթից և ամենավերջում ոսկեջրված է 24 կարատանոց ոսկու շերտով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնորհված Օսկարները պատրաստված են եղել գիպսից, քանի որ մետաղ դժվար էր գտնել:
Դեպի փառք տանող ճանապարհ
Կարմիր գորգը, որի վրայով հայտնիները քայլում են, ունի 152 մետր երկարություն և 10 մետր լայնություն: Դրա վրա տեղավորվում են շուրջ 100 լուսանկարիչներ, հեռուստաընկերությունների 300 ներկայացուցիչներ՝ ներառյալ օպերատորները, հնչյունային ռեժիսորները և մյուս մասնագետները: Տեղերը բոլորին բավականացնում են:
«Օսկար» չկա
Օսկարի գրեթե հարյուրամյա պատմության մեջ մրցանակաբաշխությունը չեղյալ է հայտարարվել երեք անգամ՝ 1938թ. Լոս Անջելեսի ջրհեղեղի պատճառով, 1968թ. Մարտին Լյութեր Կինգի սպանությունից հետո և 1981թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի առևանգումից հետո:
Ռեկորդ
«Օսկարի» քանակությամբ առաջատարը եղել և մնում է Ուոլտ Դիսնեյը: Նա արժանացել է 64 առաջադրված «Օսկարներից» 26-ին:
Լավագույն ֆիլմեր
Մեկ ֆիլմից ստացած «Օսկարի» ամենամեծ քանակությունը տասնմեկն է: Կա այդպիսի ընդամենը երեք ֆիլմ՝ «Բեն Հուր» (1959), «Տիտանիկ» (1997) և «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» (2003): Վերջինս համարվում է Ակադեմիայի պատմության միակ ֆիլմը, որն արժանացել է առաջադրված բոլոր «Օսկարներին»:
Մրցանակաբաշխության պատմության մեջ միայն երեք ֆիլմ է ստացել «Օսկարի» ամբողջական հավաքածուն՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր և լավագույն սցենար: Դրանք են՝ «Դա պատահեց մի անգամ գիշերը» (1934), «Թռչելով կկվի բնի վրայով» (1975) և «Գառների լռությունը» (1991):
«Արտիստը» դարձել է երկրորդը Ակադեմիայի պատմության համր ֆիլմերի շարքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Առաջինը եղել է Հովարդ Հյուզի «Թևեր» (1929) ֆիլմը:
Լավագույն դերասաններ
Ջեք Նիկոլսոնը համարվում է ամենաշատ առաջադրված դերասան-աստղը: Նրան առաջադրել են 12 անգամ, որից երեքի ժամանակ հաղթել է («Թռչելով կկվի բնի վրայով», «Նրբության բառերը», «Ավելի լավ չի լինում»):
Մառլոն Բրանդո և Ռոբերտ Դե Նիրո. երկու դերասան, ովքեր երկու «Օսկար» են ստացել (լավագույն դերասանի և երկրորդ պլանի լավագույն դերասանի համար) տարբեր ֆիլմերում միևնույն դերակատարման համար՝ Վիտո Կորլեոնե «Կնքահայրը» ֆիլմում 1972թ. և «Կնքահայրը, մաս II»ֆիլմում 1974թ. համապատասխանաբար: Ի դեպ, Դե Նիրոն դարձել է «Օսկար» ստացած առաջին դերասանը ոչ անգլալեզու առաջին դերակատարման համար:
«Օսկար» ստացած ամենատարեց դերասանը Քրիստոֆեր Պլամմերն է: Նա 82 տարեկան էր, երբ «Սկսնակները» (2012) ֆիլմում ճանաչվեց երկրորդ պլանի լավագույն դերասան:
Լավագույն դերասանուհիներ
Մերիլ Սթրիփը ռեկորդ է սահմանել գործող անվանակարգերի քանակությամբ (16) և եռակի հաղթել: Քեթրին Հեփբերնը ստացել է 12 անվանակարգ, բայց հաղթել է 4 անգամ: Ինգրիդ Բերգմանը մոտ է գտնվում. 3 «Օսկար»՝ 7 անվանակարգերից:
Սևամորթ դերասանուհի Հաթթի ՄակԴանիելը «Օսկար» է ստացել «Քամուց քշվածները» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար՝ դառնալով այդպիսի մրցանակի արժանացած առաջին աֆրոամերիկուհին: Բացի այդ, նա դարձել է «Օսկարի» հավակնորդ առաջին սևամորթը, և, ընդհանրապես, առաջին սևամորթն, ում թույլատրել են մրցանակաբաշխությանը ներկա գտնվել՝ ընդ որում «սևերի» համար նախատեսված առանձին գոտում:
Հոլի Բերին դարձել է կանացի գլխավոր դերակատարման համար «Օսկար» ստացած առաջին աֆրոամերիկուհին («Հրեշների հանդես», 2001):
Սանդրա Բալլոքը դարձել է մեկ շաբաթում լավագույնի և վատագույնի տիտղոսներին արժանացած առաջին դերասանուհին: Նա 2009թ. «Օսկար» է ստացել լավագույն դերակատարման համար «Անտեսանելի կողմը» ֆիլմում, ինչպես նաև «Ոսկե մորի»՝ «Ամեն ինչ Սթիվի մասին» ֆիլմում վատագույն դերակատարման համար: Իսկ որ ամենակարևորն է, նա երկու արարողություններին էլ ներկա է գտնվել:
Ամենաերիտասարդ օսկարակիրը Տատում Օ՛Նիլն է: Նա արձանիկը ստացել է 1973թ. «Թղթե լուսին» ֆիլմում դերակատարման համար, երբ դեռ 10 տարեկան էր:
Լավագույն ռեժիսորներ
Քեթրին Բիգելոու. «Օսկարի» պատմության մեջ, որպես ռեժիսոր, արձանիկը նվաճած առաջին կինը, և չորրորդ կինը՝ ռեժիսուրայի բնագավառում ընդհանրապես առաջադրվելու համար: Նրա նախկին ամուսին Ջեյմս Քեմերոնը նույնպես մրցանակ է ստացել՝ որպես լավագույն ռեժիսոր «Տիտանիկ» ֆիլմի համար: Հաջողված ընտանեկան գործ է:
Զվարճալի փաստեր
Ստուգվել է «Empire» ամսագրի կողմից. 1999թ. մրցանակաբաշխության ժամանակ Գվինեթ Փելթրոուի երջանկության արցունքները կարող էին 657 բույս ջրել: Չէ՞ որ նա ռեկորդակիր է «Շնորհակալություն»-ների քանակով. դերասանուհին շնորհակալություն է հայտնել 23 մարդու:
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2013/02/blog-post_6.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել