Եվ մինչ նրանք շրջում էին Գալիլեայում, Հիսուսն ասաց իր աշակերտներին.
- Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, որոնք կսպանեն նրան, բայց երրորդ օրը նա հարություն պիտի առնի։
Այս խոսքի վրա աշակերտները շատ տխրեցին։
Երբ նրանք Կափառնայում եկան, տաճարի տուրք գանձողները մոտեցան
Պետրոսին և հարցրին.
- Ձեր Վարդապետը տաճարի տուրքը չի՞ տալիս։
- Անշուշտ կտա,-ասաց Պետրոսը։
Եվ երբ տուն մտան, Հիսուսը, կանխելով Պետրոսի ասելիքը, հարցրեց.
- Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, աշխարհի թագավորները հարկեր կամ տուրքեր ո՞ւմից են առնում. իրենց քաղաքացիների՞ց, թե՞ օտարներից։
Եվ երբ Պետրոսն ասաց՝ օտարներից, Հիսուսն ավելացրեց.
- Ապա, ուրեմն, քաղաքացիները ազատ են այդ տուրքից։ Բայց որպեսզի չգայթակղեցնենք այդ մարդկանց, գնա՛ ծով ու կա՛րթ գցիր, և առաջին ձուկը, որ պիտի բռնես, վերցրո՛ւ, բա՛ց նրա բերանը. դու մի արծաթ դրամ պիտի գտնես այնտեղ. տա՛ր այդ դրամը և նրա՛նց տուր իմ ու քո տեղ։
Այդ պահին Հիսուսի աշակերտները մոտեցան նրան և հարցրին.
- Մեզնից ո՞վ է մեծը երկնքի արքայության մեջ։
Հիսուսն իր մոտ կանչեց մի երեխայի և նրան կանգնեցնելով նրանց մեջ՝ ասաց.
- Հաստա՛տ իմացեք, որ եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, երկնքի արքայությունը չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնի այս մանկան նման, նա՛ է մեծը երկնքի արքայության մեջ։ Եվ ով որ իմ անունով մի այդպիսի մանուկ ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։
(Մատթեոսի ավետարան 17:22-18:5)