Լինում է, չի լինում թագավորությունը կորցրած մի արքա է լինում: Մի օր էս արքան երազ է տեսնում, թե իր արքունիքի այգում գտնվող կախարդական խնձորի ծառի վրա յոթ խնձոր են բուսնել ու մի արքայախնձոր, բայց հենց արքան էս արքայախնձորը կծում է, տեղնուտեղը ցռիկ է կպնում ու ամբողջ գիշեր փորի շանջուներից էդպես շուռումուռ է գալիս ու նվաղում: Կանչում են բոլոր պալատական գուշակներին, թե՝ ով արքայի երազը մեկնի, նրան իր քաշով մեկ ոսկի կտան: Բոլոր գուշակները գալիս են, ամեն մեկը մի բան է ասում, բայց ոչ մեկի ասածը բանի նման չի լինում: Եվ բոլոր գուշակներին ռադ են անում արքունիքից:
Մի օր էս արքայի ապարանք է գալիս մի կախարդ գնչու ու խնդրում է իրեն տանել արքայի մոտ: Ասում է. «Ես կմեկնեմ արքայի երազը»: Քանի որ արքան արդեն ջրազրկված ու թուլացած է լինում, համաձայնվում է էս գուշակին էլ ընդունել: Սա լսում է արքայի պատմած երազն ու էսպես ասում.
- Թագավորն ապրած կենա, դու տասից ավել սերմ ցանեցիր, որ դրանցից մեկը արքայախնձոր դառնա, դրանցից ամենանվազ երե՛քը խնձոր դարձան, և որդը դրանց կերավ: Քո ցանած սերմերից ամենաորակյալը մնաց ծառի արմատների տակ և չծլեց, և արդյունքում արքայախնձորը քո սերմից չէ ու գնալով քո համար թունավոր է դառնում: Հրամայիր կտրե՛լ էդ ծառը, նոր սերմերին նորից խառնիր քոնը ու, հնարավոր է, որ քո ցանած գլխավոր սերմն էլ հենց դառնա արքայախնձոր, որը դու կուտես և կբժշկվես քո արքայական ցռիկից:
- Բայց էդ ծառը կախարդական ծառ է, դա կարող է կտրել միայն գլխավոր քուրմը:
- Գիշերով վեզիրիդ ուղարկիր պոկելու խնձորներից մեկը, դրանից կախարդությունը կվերանա: Կանչի՛ր քրմերին, ցույց տուր պոկված խնձորը: Այնժամ քրմերը ստիպված կլինեն կտրել ծառը. այդպես են ավանդել նախահայրերի հոգիները: Մեծ քուրմը նոր ծառ աճեցնելու հրաման կտա, կցանեն սերմերը, դու կավելացնես քոնը և կծլի նոր կախարդական ծառ, որի պտուղներից դու կարող ես օգտվել:
Արքան վեզիրին հրաման է տալիս պոկելու խնձորներից մեկը: Բայց էս վեզիրը դանդալոշ է լինում, պարսատիկով խփում է խնձորին, բայց խնձորը չի պոկվում, միայն քերծվում է:
Արքան կատաղում է, վեզիրին ցցի հանում, բայց արվածն արված է: Քրմերն էլ ծառի մոտ գիշերային հերթապահություն են սահմանում, ու էլ հնարավոր չի լինում նոր խնձոր պոկել: Արքան նորից է կանչում կախարդ գնչուին, պատմում եղելությունը:
Գնչուն ասում է.
- Թագավորն ապրած կենա, քրմերը գիշերները մաքրում են կախարդական խնձորները, որ նրանք միշտ կարմրաթուշ և գեղեցիկ երևան: Կաշառի՛ր փոքր քուրմին, թող նա չմաքրի քո սերմերից բուսնած երեք խնձորներից մեկը և այդ խնձորը կթոշնի, վատ հոտ կարձակի, և մեծ քուրմը ստիպված կլինի սղոցել ծառը՝ կարծելով, թե կախարդությունն անցել է:
Արքան էդպես էլ անում է: Խնձորներից մեկը թոշնում ու ճմրթվում է, բայց մեծ քուրմը տեղի չի տալիս: Արքան նորից է դիմում գնչուին:
Գնչուն երեք օր է խնդրում, որ գնա մտածի, թե էլ ի՞նչ կարելի է անել ծառը կտրել տալու համար: Դեռ մտածում է: Հենց մտածեց, էս հեքիաթն էլ շարունակություն կունենա:
Երկնքից ընկավ երեք խնձոր. մեկը էս հեքիաթը կարդացողներին, որ նրանք կարդան և մտածեն հեքիաթում գրված վարկածի մասին ու համաձայնվեն, որ ծառը կտրել ցանկացողն ընդամենը ուզում է ծառի պտուղներից օգտվել, իսկ ռամիկ ժոողվրդին դա ոչինչ չի տա, քանի որ նորից աճող ծառը նույն ծառի տեսակն է լինելու ու նույն համի միրգն է տալու, մեկը՝ ԵԱՀԿ դիտորդներին, որ նրանք էլ հայերեն սովորեն, կարդան ու իրենք էլ իրենց «ռեփորթներում» գրեն, որոնք, մեկ է, ոչ մեկին չեն հետաքրքրում, մեկն էլ էս հեքիաթը գրողին, որ ուտի, առանց քաղաքական հետևանքների: Ֆրենդեսցեք զիս:
Հ.Գ. Հիշեք ասածս՝ ով որ ծառը կտրելու կոչ արեց, նա արքայի վասալներից է:
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/65451.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել