ՎԱՐԴԱՎԱՌ-ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Հիսուսն իր աշակերտներին ասաց.
- Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն։ Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև նա ի՞նչ փրկագին պիտի տա իր կյանքը հետ վերցնելու համար։ Արդարև, Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին, և այն ժամանակ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իր գործերի։ Վստա՛հ եղեք, որ այստեղ գտնվողներից ոմանք չեն մեռնի, մինչև որ չտեսնեն Մարդու Որդուն, որը գալիս է իր թագավորությամբ։
Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոս և Հովհաննես եղբայրներին և նրանց հանեց մի բարձր լեռ, որտեղ նրանք առանձին մնացին։ Այնտեղ Հիսուսը կերպարանափոխվեց նրանց առաջ. նրա դեմքը արեգակի նման պայծառ դարձավ, և նրա զգեստները լույսի նման սպիտակ եղան։ Եվ ահա երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ Պետրոսը Հիսուսին ասաց.
- Տե՛ր, ի՜նչ լավ է այստեղ. եթե ուզում ես, երեք վրաններ շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ՝ Եղիայի համար։
Մինչ Պետրոսը խոսում էր, ահա լուսավոր մի ամպ ծածկեց նրանց. ամպի միջից լսվեց մի ձայն, որ ասում էր.
- Սա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, սրա՛ն լսեցեք։
Երբ աշակերտներն այս լսեցին, սարսափահար՝ երեսի վրա գետին ընկան։
Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց և ասաց.
- Ոտքի՛ ելեք, մի՛ վախեցեք;
Աշակերտներն աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։ Եվ մինչ լեռից իջնում էին, Հիսուսը պատվիրեց նրանց՝ ասելով.
- Մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի, ձեր տեսածը ոչ ոքի չպատմեք։
(Մատթեոսի ավետարան 16:24-17:9)