Հայտարարություն

ՀՀ նախագահի թեկնածու, ներկայիս ՀՀ նախագահ և օլիգարխիկ համակարգի գլխավոր պատասխանատու Սերժ Սարգսյանը հրապարակել է քարոզչական իր տեսահոլովակը:

Տեսահոլովակում անդրադարձ է կատարել Հայաստանում բնապահպանական և այլ քաղաքացիական շարժումներին, մասնավորապես առանց անհարմար զգալու յուրացրել և «սեփականաշնորհել» է Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի և այլ հիմնախնդիրների լուծման համար պայքարող քաղաքացիների ազնիվ պայքարն ու հաջողությունները՝ դրանք վերագրելով իրեն, ներկայանալով որպես հանրային սեփականությունը պաշտպանող ակտիվիստի «թիկունք»:

Մենք գտնում են, որ ՀՀ մի խումբ քաղաքացիների ազնիվ պայքարը յուրացնելն ու սևացնելը՝ սեփական անձին վերագրելով, ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն:

Պետք է արձանագրել և մեկընդմիշտ ընդունել, որ այս հաղթանակները պատկանում են միմիայն ՀՀ օրինապաշտ ու ակտիվ այն քաղաքացիներին, ովքեր մի քանի ամիսներ պայքարելու արդյունքում հաջողություններ են գրանցել՝ ստիպելով օրինախախտ չինովնիկներին վերանայել և փոխել իրենց ապօրինի որոշումները և կայացնել հանրության շահերից բխող որոշումներ:

Ավելորդ չենք համարում հիշատակել նաև, որ ՀՀ գործող նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը նաև 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու, զանգվածային արտագաղթի, խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցող սպանությունները չբացահայտելու և արդարադատություն չիրականացնելու, մեզ պատկանող բնական պաշարները բացահայտ թալանելու, բնության և պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու և համանման այլ հարցերը չկարգավորելու համար անմիջական պատասխանատվություն կրողն է:

Նման իշխանության ու նրա թեկնածուի բարոյական կերպարի մասին թող դատի հանրությունը: Առաջին իսկ առիթը հենց առաջիկա ընտրություններն են:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային, քաղաքացիական նախաձեռնություն
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»

Էս էլ` վրադիր, դժվար հասկացողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել