Արժեթղթերի շուկաների զարգացման միջազգային փորձը ցույց է տալիս, որ արժեթղթերի շուկան գնային չարաշահման ու ներքին տեղեկությունների օգտագործման առումով «խոցելի է», և եթե չկան դրանց դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապա այդ հանցավոր արարքները իրական ու լուրջ վտանգ են հանդիսանում ֆինանսական կայունության համար:
Պետությունը, ընդունելով արժեթղթերի շուկան կարգավորող իրավական դաշտը, ներդրողների, շուկայի մասնակիցների և հանրության առջև իրավական պարտավորություն է ստանձնել ապահովելու արժեթղթերում ներդրողների պաշտպանություն, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացում, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ:
Արժեթղթերի շուկայում էական զարգացում ապահովվելու նպատակով գործադիրը հավանության է արժանացրել մի քանի օրենքներում փոփոխություների նախագծերի փաթեթը, որի նպատակն է շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը ՀՀ-ն ստանձնել է ԵՏՄ շրջանակում:
Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ և գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս:
Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում, ի լրումն արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխմանը կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը, շուկայի մասնակիցները և հանրությունը առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը: