ՀՀ կենտրոնական բանկը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Արժեթղթի շուկայի մասին» և ևս երեք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն ուղղված է արժեթղթի շուկայի չարաշահման վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը` նպատակ ունենալով շուկան օտարերկրյա ներդրողի և շուկայի մասնակցի համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված, սահմանել չարաշահման դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթի չարաշահման դեմ պայքարի ոլորտի միջազգային չափորոշիչների ներդրումը, որի պարտավորությունը մեր երկիրն ստանձնել է ԵԱՏՄ մտնելու պայմանագրով:
Գործող օրենքն ընդունվել է 2007թ.: Անցած ութ տարվա ընթացքում արժեթղթի շուկայում տեղի են ունեցել էական փոփոխություններ, ձևավորվել ու էական զարգացում է ապրել արժեթղթի առաջնային և երկրորդային շուկան, աճել է օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը դրա նկատմամբ: Նախագծերի փաթեթը մշակվել է` հաշվի առնելով երկրի առաջատար գիտնական-քրեագետների, մասնավորապես` ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը մշակող խմբի առաջարկությունները:
ՀՀ արժույթի շուկայում եղած մի շարք խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկության անբարեխիղճ օգտագործումը, գնային չարաշահումը: Երկու դեպքում էլ քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20 մլն դրամը` որպես զգալի շահույթ և 30 մլն դրամը` որպես խոշոր չափի շահույթ: Որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը և ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, որպեսզի դատարանները կարողանան պատիժն ընտրել արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համապատասխան:
Մեր երկրի ֆինանսական կազմակերպությունները արժեթղթի շուկայի հիմնական մասնակիցներն են և էական միջոցներ են ներդնում արժեթղթերում: Ընդ որում` դրանք որպես կանոն գոյանում են հասարակությունից ներգրավված միջոցներից: Եթե հանցագործության ու չարաշահման հետևանքով ֆինանսական կազմակերպությունը կորցնում է արժեթղթերում ներդրած գումարները, ապա վտանգում է իր կայունությունը, ինչը անխուսափելիորեն նշանակում է ֆինանսական համակարգի ընդհանուր անկայունություն: Պետությունը պարտավորություն ունի պաշտպանել այդ հանրային շահը, ինչպես նաև շուկայի նկատմամբ վստահությունը:
Անհրաժեշտ է հավելել նաև, որ ԵԱՏՄ համաձայնագրի 17-րդ հավելվածի 25-րդ կետի համաձայն «Անդամ պետությունները ներդաշնակեցնում են արժեթղթի շուկայի կարգավորման և վերահսկողության պահանջները` առաջնորդվելով լավագույն միջազգային փորձով և Արժեթղթի հանձնաժողովների միջազգային կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության սկզբունքներով:
Արժեթղթի շուկայի չարաշահման կանխումից զատ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում են հետևյալ դրական արդյունքները. արժեթղթի շուկայի մրցակցության մեծացում, ներդրումների ավելացում, արժեթղթավորման ոլորտի զարգացում, տնտեսության նոր ֆինանսական հոսքերի խթանում, արժեթղթի շուկայի վերահսկողների հետ արդյունավետ համագործակցություն:
Կառավարության հավանությունն ստանալուց հետո օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: