Ինչպես անհատները, այնպես էլ ազգերը ընտրում են իրենց ապագան, որը լիովին տեսանելի և կռահելի է հասարակության ներկա ապրելակերպով և վարք ու բարքով․․․ Հրեաները ընտրեցին ընտանիքը, բարոյականությունը և հայրենիքը։ Երկու հազար տարի ապրելով առանց հայրենիք, նրանք ի վերջո ձեռք բերեցին այն, ինչի համար իրականում պայքարեցին՝ պետություն։ Սակայն նրանց դեմ կանգնած են ազգեր, որոնք նույնպես ընտրել են ընտանիքը, բարոյականությունը և հայրենիքը․․․ Սա երկու հզոր և անզիջում ուժերի պայքար է․․․ Եվրոպան <<անգիտակցաբար>> ընտրեց <<քաղաքակրթությունը>>՝ կարծելով, որ դա մարդկության զարգացման միակ և ճշմարիտ ուղին է, և սեփական անվտանգությունն ապահովելու համար ստեղծեց եվրոպական միությունը՝ միաժամանակ փորձելով քաղաքակրթությունը պարտադրել հարևան ժողովուրդներին․․․ թեև ճշմարտությունից հեռու չի լինի ասել, որ այդ <<քաղաքակրթությունը>> պարզապես սարքեցին, որովհետև իսկապես քաղաքակիրթ երկիրը կամ երկրները չէին կարող այնպիսի ավերածություններ իրագործել մերձավոր արևելքում և մի շարք այլ երկրներում, որոնց ականատեսը եղավ մարդկությունը վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում․․․ Եվրոպական մի շարք երկրներ փորձում են վերագտնել իրենց, իրենց հայրենիքը՝ երկիրը, բայց անբարոյականությամբ երբեք չես կարող հայրենիք պահել, որը բացարձակ ճշմարտություն է․․․ Քրդերը վաղուց ընտրել են հայրենիքը, որը նշանակում է ընտանիք և բարոյականություն։ Նրանց բոլոր գործողությունները միտված են միակ նպատակին՝ հայրենիք՝ պետություն ձեռք բերելուն․․․ Քուրդը չի մտածում, չի երազում իր երեխաներին կրթության տալու, մեծ տուն ունենալու, հարստություն դիզելու, իր ծանոթների շրջանում դրանով հպարտանալու և նման դատարկ բաներով․․․ Այսօր քրդերի միակ երազանքը իր սեփական պետությունն ունենալն է, որին նրանք լծվել են ազգովի՝ բոլորով, և պայքարում են անձնվիրաբար ու բարոյապես․․․ Հայերը ընտրել են կրթությունը, քաղաքակրթությունը, հարստությունը, որոնց, այդպես հավատացնում են այդ երկրներ տեղափոխված, արտագաղթած Հայերը, կարելի է հասնել կամ ձեռք բերել ինչպես ԵՎրոպայում, ԱՄՆ-ում, այնպես էլ մասնավորապես Ռուսաստանում, եթե անտեսենք այս վերջին երկրում տիրող գռեհիկ բարքերը, որոնք շատ նման են Հայաստանի բարքերին․․․ Ռուսաստանում վաղուց են գիտակցել, որ <<քաղաքակրթությամբ>> հայրենիք չես պահի, սակայն Հայաստանում այլ կարծիքի են, թեև հասարակության շերտերից միանգամից երևում է, որ Հայաստանն իսկապես քաղաքակիրթ երկիր է, միանգամայն արժանի արդեն փլուզվող եվրոպական միության կազմում իր մնայուն տեղն ունենալու․․․ Իրադարձությունները արագ են զարգանում։ Ադրբեջանը վերազինում է բանակը, միլիոներ ծախսում զորավարժությունների համար, ԵՎրոպան ամեն ինչ անում է Հայաստանում ամրապնդելու հակառուսական տրամադրությունները, ոչ մի երաշխիք չտալով, որ անհրաժեշտության դեպքում ուժով կպաշտպանի մեր երկիրը, թուրքիայի հետ հարաբերությունները վատթարանում են, որը այս երկրին դրդում է վերագնահատել Ռուսների հետ հարաբերությունները․․․ Ճիշտ նման իրավիճակ ստեղծվել էր հարյուր տարի առաջ, և այն ժամանակվա քաղաքական գործիչները կարծես անտեղյակ էին իրենց շուրջը հյուսվող դավերին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր իշխանությունները զբաղված են հարստություն դիզելով, գրողները՝ գրելով, դերասանները՝ դերասանություն անելով, ընդդիմադիրները՝ հրաժարական պահանջելով, մարզպետները հարկ հավաքելով, իսկ հասարակության մեծագույն մասը ՖԲ-ում ազգափրկիչ ստատուսներ գրելով և այլն․․․ ՄԻ խոսքով, բոլորը զբաղված են ամեն ինչով, բացի հայրենիքից։ Հայրենիքն էլ իր հերթին չի զբաղվել և չի էլ զբաղվում քաղաքացիների հոգսերով․․․ Հարյուր տարի առաջ նման իրավիճակում միանգամայն կանխատեսելի էր պետության կորուստը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: