«Նաիրիտ» գործարանը բացառիկ է նրանով, որ գտնվելով անգամ ոչ արտադրական գործունեության պայմաններում իր անվտանգության պահպանման համար պահանջում է լուրջ ծախսեր:
Վերջին տարիներին կատարվել են մեծ աշխատանքներ՝ գործարանի համար ներդրող գտնելու ուղղությամբ: Իհարկե հասկանալի է, որ վերագործարկելու արդյունքում մի քանի հարյուր քաղաքացի կունենա զբաղվածություն, սակայն հարցին պետք է նայել ոչ թե վարդագույն ակնոցներով, այլ ողջամիտ և իրատեսական տեսանկյունից: Պետք է հասկանալ, որ Նաիրիտի գործունեության արդյունավետությունը շուկայական մրցունակությամբ է գնահատվում: ԽՍՀՄ շրջանում արտադրանքի սպառումը պլանավորված էր պետության կողմից, իսկ այսօր նման պրոդուկտ թղարկող ֆիրման ստիպված է մրցակցել համաշխարհային «ակուլաների» հետ:
Գործարանը չունի ներդրող, իսկ ներկայիս պարտքը հասնում է միլիարդների: Գործարանը հավելյալ ֆինանսական բեռ է,որին պետք է տրվի վերջնական լուծում: Պետք է վերանանք հուզական հարթությունից ու փորձենք սթափ հաշվարկներ անել: Ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, և ծախսերի չափը չգերազանցող արդյունք ունեցող գործարանն ապրում է պետության հաշվին: