
1982թ.-ի փետրվարի 3-ին ծնվել է ռուսական շոուբիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` ազգությամբ ուկրաինուհի Վերա Բրեժնևան (Վիրա Վիկտորիա Հալուշկա):
Առաջին անգամ Վերան բեմ է բարձրացել հայտնի «Виа Гра» եռյակի հետ երգելու համար: 2002թ.-ին խմբի շրջագայություններից մեկի ժամանակ հայտարարվեց` «հանդիսատեսից ո՞վ կցանկանա բարձրանալ բեմ և երգել մեզ հետ»: Ցանկություն հայտնեց Վերան: Նա բարձրացավ բեմ և խմբի հետ երգեց «Попытка № 5» երգը: Նույն թվականին խումբը լքում է Ալյոնա Վիննիցկայան: Հայտարարվում է քաստինգ, որին մասնակցելու համար հատուկ հրավիրում են նաև Վերային: 2003 թ.-ին Բրեժնևան` Նադեժդա Գրանովսկայայի և Աննա Սեդոկովայի հետ արդեն հանդես էր գալիս հայտնի եռյակի հիմնական կազմում:
Նրա համագործակցությունը խմբի հետ տևեց մինչև 2007 թ.-ը, որից հետո Վերան պաշտոնապես հայտարարեց, որ լքում է խումբը և այսուհետ հանդես է գալու որպես մեներգչուհի:
2007 թ.-ին ռուսական «Maxim» ամսագրի վարկանիշով Վերան արժանացել է «Ռուսաստանի ամենացանկալի կնոջ» կոչմանը:
Բացի երգելուց գեղեցկուհին նաև իրեն փորձել է որպես հաղորդավարուհի և դերասանուհի: 2008 թ.-ին նա վարել է Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «10-ի ուժը» («Power of 10») հաղորդաշարը: Վերան նկարահանվել է մի շարք ֆիլմերում («Любовь в большом городе», «Ёлки», «Джунгли» և այլն):
2001թ.-ին ծնվել է Վերա Բրեժնևայի առաջնեկը` Սոնյան, որի հայրը Վիտալի Վոլչենկոն է: 2006 թ.-ին Վերան ամուսնանում է ուկրաինացի բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի հետ և սկսում է կրել ամուսնու ազգանունը: 2009 թ.-ին ծնվում է զույգի դուստրը` Սառան:
2012թ.-ի հոկտեմբերին Վերան հայտարարում է, որ ինքն ու ամուսինը բաժանվել են:









