Ամեն անգամ, երբ անցնում էր ռեստորանի կողքով, որի անունը չնայած ՙՊեկին՚ էր, բայց չինական խոհանոցի հետ ոչ մի կապ չուներ, այլ պարզապես սեփականատերն իր ռեստորանը իր ազգանունով էր կոչել՝ Պեկին, մի քանի րոպե կանգ էր առնում: Ռեստորանը մեծ պատուհաններ ուներ, որոնց անմիջապես դիմաց տեղադրված էին գեղեցիկ սեղաններ ու աթոռներ, բայց ռեստորանն աշխարհում միակ տեղն է, որտեղ մարդուն գրավում է ոչ թե աթոռը, այլ՝ սեղանը, ընդ որում, ոչ այնքան սեղանը, որքան սեղանի պարունակությունը: Նայում էր հենց այդ պարունակությանը, ավելի ճիշտ պարունակություններին, քանի որ տարբեր սեղանների տարբեր բաներ էին դրված լինում, աջ ու ձախ էր գնում, առաջ՝ հետ անում, ի վերջո ամենաերկարը կանգնում այն պատուհանի մոտ, որի դիմաց դրված սեղանի պարունակությունն ամենաախորժալի էր թվում իրեն: Չնայած երբեք քաղցած չէր լինում, անգամ, երբ աշխատանքից վերադառնում էր տուն: Ոչ թե որովհետեւ աշխատավայրում ինչ-որ բան հաջողացնում էր, այլ քանի որ չի կարելի ամեն օր ուտել նույն բանը, լավ՝ ամեն երկու օրը մեկ ուտել նույն բանը: Երբ մարդու ուտելիքը կրկնվում է, ու եթե այդ ուտելիքը միս չէ, նա սկսում է երազող դառնալ, իսկ եթե միս է, ապա սկսում է երազել այլ՝ չտեսնված, վայրի գազանների մսերի մասին, ընդ որում որքան վայրի, այնքան տենչալի ու համեղ, մարդուն է այդպես թվում: Տեսնես բուսակերները, գիշերը, երբ բոլորը քնած են լինում եւ իրենց ոչ ոք չի տեսնում, միս չե՞ն ուտում, հաճախ էր մտածում նա ու չգիտես ինչու միշտ գիշերը ու որպես կանոն, երբ սա մտածում էր, չէր հասցնում պատասխանն էլ մտածել, քանի որ քնում էր: Օրը սկսում էր հոգնած, բայց հույսով: Ապա դեմքին տալիս էր՝ այսօր ուրիշ է լինելու ժպիտոտ արտահայտությունն ու դուրս գալիս տնից: Ինչպես ամեն օր, գնում էր աշխատանքի, ինչպես ամեն օր՝ նույն ճանապարհով, ինչպես ամեն օր նույն մարդկանց էր տեսնում, որոնք էլ, ինչպես ամեն օր, իրեն էին տեսնում, եթե իհարկե որեւէ մեկը այդ մարդկանց մասին պատմությունը գրի: Արագ չէր քայլում, ուշադիր էր, չնայած մի անգամ, երբ նա դուրս եկավ տնից ու երկու անգամ հազաց, չնկատեց, որ հենց իր ոտքերի առջեւ մանուշակի գլուխ է ընկած: Չտրորեց, բայց չնկատեց: Մանուշակները միշտ աննկատ են մնում, երբ երազանքներդ մսի հետ են կապված: Աշխատանքը հետաքրքիր էր այնքանով, որքանով կարող է հետաքրքիր լինել քիմմաքրման կետի աշխատակցի աշխատանքը: Ընդ որում, նա մարդկանց հետ չէր շփվում, միայն՝ քիմիայի հետ էր նրա շփումը: Ով մարդկանց հետ էր շփվում, նրանցից վերցնում էր վերջիններիս իրերը, դրանք բերում նրա մոտ, նա էլ իր նյութերով ներկում էր, մաքրում էր, մի խոսքով՝ քիմիա էր անում: Ամենաշատը սիրում էր մուգ հագուստը՝ բացացնել, քանի որ բաց հագուստը բոլորն էլ կարող են մգեցնել: Դրա համար փող էր ստանում, շատ չէ, բայց փողը միշտ էլ շատ չէ: Քանի որ ամուսնացած չէր երջանիկ չէր ապրում, քանի որ շատ փող չէր աշխատում եւ ամուսնացած չէր երջանիկ էր իրեն համարում: Ընդհանուր առմամբ, եթե չհաշվենք, որ մազերի մի նկատելի հատվածը՝ քիմիական նյութերից սեւացել էր, իսկ մազերը իրականում շեկ էին, նորմալ մարդ էր, դե քնում էր, զարթնում էր, աշխատում էր, երազում էր, անգամ ընկեր ուներ՝ երկու հոգի, մեկը՝ շուն, մյուսը՝ դաշնամուրը իր տան, որն ի դեպ, միշտ մոռանում էր լարել, քանի որ նվագել չգիտեր, իսկ դաշնամուրը նրան էր հասել տատիկից, որը քաղաքի լավագույն դաշնակահարուհին էր, անգամ մի անգամ հենց այս վերնագրով պատվոգիր էր ստացել՝ անձամբ նախկին քաղաքապետից, որը, սակայն փակեց քաղաքի միակ երաժշտական դպրոցը: Մարդ ընկեր չուներ, մարդ ընկեր ունենալու համար պետք է մարդկանց հետ շփվել, չնայած մարդկանց հետ շփման արդյունքում ավելի շատ մարդ թշնամի ես գտնում, քան մարդ ընկեր ձեռք բերում: Թշնամի էլ չուներ, բարեկամ, անգամ՝ երկուսը ուներ, մորաքույրն ապրում էր ուրիշ քաղաքում, ուրիշ երկրի, ուրիշ մայրցամաքի, հորեղբայրն ապրում էր գյուղում, բայց շվեյցարական, ամուսնացած էր ֆրանսուհու հետ, երեխա չունեին, պահում էին երկու շուն եւ 50 ձի, ու ամբողջ ժամանակը վատնում էր ձիերի վրա ու ֆրանսերեն սովորելու, քանի որ կնոջ հետ խոսում էր անգլերեն, որը կինը հասկանում էր այքան, որքան ինքը՝ ֆրանսերեն: Հույսն իր վրա էր դրել, այսինքն չէր էլ մտածել թե ում վրա է հույսը դրել, քանի որ ամբողջ կյանքում ոչ մորաքրոջն էր տեսել, ոչ հորեղբորը: Այսինքն, երբ ամեն օր անցնում էր Պեկին ռեստորանի մոտով եւ երազում այնտեղ ընթրելու մասին, մտածում էր, որ դեռ այնդքան գումար չի աշխատել, բացի այդ համապատասխան հագուստ չունի ու մի քիչ էլ փող հավաքելուց հետո միայն կհասնի երազանքին: Մի անգամ նա կարողացավ հայթայթել Պեկինի մենյուն անգամ եւ մի լավ ուսումնասիրելուց հետո որոշեց, որ երբ ինքը գնա ռեստորան կոնկրետ ինչ է պատվիրելու, ինչ գինու հետ: Եկավ այդ օրը, երեկոյան տանը հաշվեց կուտակած փողը, նորից նայեց մենյույին, հաստատվեց, որ այդ փողով կարող է ուտել եւ խմել այն, ինչի մասին երազում է, հագավ աշխատավայրից ցրած սեւ տաբատը, սպիտակեցրեց վերնաշապիկը եւ՝ փարիզեցին՝ Աֆրիկայում դեպքի արտահայտությամբ դուրս եկավ տնից: Անգամ իր ընկեր շանը չբարեւեց, չնայած վերջինս էլ նոր հագուստով տեղը չբերեց իր ընկերոջը, մանավանդ, որ վերջինիցս քիմիայի հոտ էր գալիս: Թեեւ անհամբեր էր, բայց չէր շտապում, մի գրքում կարդացել էր, որ տեսած մարդիկ չեն շտապում, վայելում են: Ինքը վայելելով քայլում էր, չնայած չէր հասկանում, թե կոնկրետ ինչը պետք է վայելի՝ անշտապ քայլելիս: Անգամ անցորդներին էր ժպտում, դա էլ էր կարդացել: Կարդալն առհասարակ լավ բան է, բանավանդ, երբ երազում ես, սակայն միայն երազում ես: Այդպես երկար քայլեց, մոտ մեկ ժամ, եկեղեցու զանգերի ձայնը վերջապես ուշքի բերեցին նրան ու հասկացավ, որ անցել է ռեստորանը, կյանքում առաջին անգամ՝ չնկատելով այն: Բայց ինչպե՞ս դա հնարավոր եղավ, մտածեց, ի՞նչ է փոխվել, չհասկացավ: Նա առհասարակ շատ բան չէր հասկանում, նաեւ այն, որ որքան բան չես հասկանում, այնքան հետաքրքիր է կյանքը եւ հակառակը: Ընտրությունը՝ գնալ եկեղեցի եւ երեկոյան պատարագը լսե՞լ, թե՞ հետ դառնալ ռեստորան՝ երազանքի հետեւից, արագ կատարեց, դա նրա համար ընտրություն էլ չէր: Հետ դարձավ ու արդեն առանց վայելելու՝ անհասկանալի է, թե ինչը, քայլեց դեպի ռեստորան: Պարզվեց այն չկար, փակվել էր, ոչ թե փակվել էր, այլ շենքը, որտեղ առաջ մեծ կարմիր լուսավոր տառերով գրված էր՝ ՙՊեկին՚ քանդվել էր, դատելով, որ քարը՝ քարին չէր մնացել, ոչ թե քանդվել էր, այլ՝ քանդել էին: Չգիտեր՝ ինչ անի, քարացել էր, առաջին անգամ զգաց, որ հագի շորերը չնայած գեղեցիկ եւ թարմ տեսք ունեին, բայց վրայից քիմիայի հոտ էր գալիս, հենց այդ հոտը ուշքի բերեց նրան: Սկսեց աջ եւ ձախ անել, երբ վերջապես գտավ մի մեծ պաստառ, որի վրա գրված էր. ՙՀարգելի քաղաքացիներ, հիմք ընդունելով ձեր անթիվ-անհամար բողոքները՝ ՙՊեկին՚ ռեստորանից եւ մասնավորաբար այդ ռեստորանում մատուցվող կերակուրներից, ինչպես նաեւ ռեստորանի սեփականատեր Ջորջ Պեկինի հանդեպ հարուցված քրեական գործն ու նրա կալանքը, քաղաքապետարանը որոշել է հիմնահատակ քանդել մեր սիրելի քաղաքի համար չարիք դարձած այդ ռեստորանը, որի տարածքում քաղաքապետարանի միջոցներով կտնկվեն մանուշակներ ու այն կկոչվի՝ Մանուշակների այգի՚: Տուն հասավ շատ ուշ, երբ արդեն լուսանում էր, խնամքով, ինչպես միշտ, հանեց հագուստը, ինչպես միշտ խնամքով դասավորեց այն, դրեց տոպրակի մեջ եւ սպասելով, որ լույսը վերջնականապես բացվի դուրս եկավ տնից՝ վերցնելով հագուստի տոպրակը ու ինչպես միշտ գնաց աշխատանքի: Աշնանը, երբ Մանուշակների այգին վերջապես բացեց իր դռները, առաջինն այդ այգի մտավ նա՝ իր ընկեր շան հետ, մտավ եւ նստեց, հենց այգու մեջ, գետնին, շունը սկսեց վազել, մինչեւ այգու պահակները նրան այգուց դուրս տարան, քանի որ կենդանիների մուտքը՝ Մանուշակների այգի արգելվում էր: Տեսնես կենդանիների մուտքը դրախտ էլ է՞ արգելվելու… Անգամ չառարկեց, մնաց նստած: Նույն պահին հասկացավ, որ այգում ավելի շատ մարդ կա, քան Պեկին ռեստորանում էր մարդ լինում: Ու չնայած նա չհասկացավ, որ սա այն պատճառով է, որ այգի գնալու համար փող պետք չէ, իսկ ռեստորան գնալու համար շատ է պետք, փոխարենը հասկացավ, որ այգում ավելի շատ մարդ կա, քան ռեստորանում, որովհետեւ այգին մարդկանց ավելի շատ է պետք, քան ռեստորանը, քանի որ մարդիկ ավելի շատ երազում են, քան հասնում իրենց երազանքին: Բացեց հետը տարած գիրքն ու սկսեց կարդալ, գրքի վերնագիրն էր՝ ՙԻնչպե՚ս դառնալ միլիոնատեր՚, կազմը՝ մանուշակագույն էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: