Ուզում եմ, որ առավոտյան արթանանք նորովի` գիտակցումով այս օրերի հոգևոր կարևորությունը, գիտակցումով, որ մենք ապրում ենք առաջին քրիստոնյա երկրում: Ուզում եմ, որ արժանի լինենք ամենքս այն պարգևին, որ պատմությունն տվել է մեզ ապրել հենց այս կարևոր ժամանակաշրջանում: Ուզում եմ, որ ապրենք ամեն պահն այնպես, ինչպես չհասցրեցին ապրել 1,5 միլիոն Սուրբ նահատակները: Ուզում եմ, որ վաղը ոչ թե թամաշա անենք, թե ով որտեղ կսայթաքի, այլ ինքներս զգանք մեր վրա օրվա պատասխանատվությունը: Մեր հագուկապով, մեր պահվածքով, մեր խոսքով ցույց տանք աշխարհին, որ Հռոմի պապը եկել է օրհնված, ոչ թե անիծված երկիր: Կյանքում գեթ մեկ անգամ ոչ թե Էջմիածնում, Գյումրիում կամ Հրապարակում ամբոխները խելագարված լինեն, այլ հոծ բազմությունը դառնա ուխտավոր, ինչպես Հռոմի պապն է գալիս` որպես ուխտավոր: Քննադատալու ու դատափետելու այս կամ այն կազմակերպչական հարցը, թողնենք լրագրողներիս, իսկ որպես քաղաքացի` ստանանք այն օրհնությունը, որ իր հետ կբերի Սրբազան Քահանայապետը: Եվ, ի վերջո, ուզում եմ, որ ոչ թե հավատավոր ժողովուրդը դառնա Հռոմի պապին մի քանիսին հայհոյելով ու հրմշտելով ձեռք քցելու տենդով վարակված մոլագար, այլ հնարավորության դեպքում իր տեղը զիջի փոքրին, հիվանդին, ընկեցիկին, չէ որ քեզնից առավել հենց մյուսին է պետք այդ օրհնությունը: Էլ չասեմ, որ Հռոմի պապն իր օրհնությունը բերում է համայն աշխարհին, որին առանց դիպչելու էլ կլինես օրհնված: Մեզ ողջ աշխարհն է հետևում հենց այս պահից լինենք զգոն, զսպված ու բռունցքված, բոլորը սպասում են, որ տապալվենք, բայց այս անգամ էլ պատվով դուրս գանք: Գուցե երկարացրեցի, բայց սա էլ ասեմ` Հռոմի պապի այցը Քարդաշյանի թոք-շոու չէ, սա այն դեպքն է, որ ՀՀԿ տատին կարող է սելֆի չունենալ Հռոմի պապի հետ, այս վեհ այցը չնսեմացնենք` իջեցնելով շրիշակի մակարդակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: