Այն, որ Սամցխե-Ջավախքում հայ ժողովուրդը բնիկ տարր է, դա փաստ է: Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից՝ բնակչության որոշակի տարածքում բնիկ լինելու հանգամանքը որևէ առավելություն չի տալիս: Այս իրողության մասին են վկայում տարատեսակ միջազգային իրավական ակտերը՝ ԵԽ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին Շրջանակային կոնվենցիան, ԵԱՀԿ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, և այլն: Եվ դրանցից ոչ մեկում փոքրամասնության բնիկ լինելու հանգամանքի կարևորությունը չի շեշտվում:

Ավելի կարևոր է տվյալ պահին նրանց կոմպակտ բնակվելու հանգամանքը, տվյալ պահին բնակվողների թիվը, նույնիսկ բնակվողների շահագրգռվածությունը՝ իրենց մշակույթն ու լեզուն զարգացնելու հարցում, բայց ոչ երբեք բնակության վայրի՝ պատմական հայրենիք լինելու հանգամանքը: Ուստի, այս առումով, Սամցխե-Ջավախքում որոշակի փոփոխությունների հասնելու, ջավախքահայության համար զարգանալու հնարավորություններ ընձեռելու հարցերում եթե խնդիրը բարձրացվում է միջազգային իրավական հարթությունում, ջավախքահայության՝ բնիկ լինելը շեշտելն այնքան էլ ճիշտ ու հեռանկարային չէ:

Այդ փաստի վկայակոչումը գուցե դրական է անդրադառնում մեր ընկալումների վրա, ազգային ինքնությունը պահելու հարցում, ներքին պատասխանատվության բարձրացման հարցում, որոշակի զգայական ասպեկտներում, բայց ոչ ջավախքահայության՝ Վրաստանի հասարակական, տնտեսական գործընթացներին ինտեգրման կամ ջավախքահայությանը միջազգային հարթակում ավելի ներկայանալի դարձնելու հարցերում:

Ուստի պետք է ֆիկսել, որ եթե խոսքը վերաբերում է Սամցխե-Ջավախքի խնդիրների գիտական, քաղաքական կամ իրավական ընկալմանն ու համապատասխան դիրքորոշում որդեգրելուն, համապատասխան քայլեր կատարելուն, Սամցխե-Ջավախքը պետք է ընդունել որպես սովորական սփյուռքահայ համայնք, որտեղ զգալի տերիտորիայի վրա բնակվում է հայ կոմպակտ բազմահազարանոց համայնք:

Այս դիրքորոշումը մեզ կօգնի ջավախքահայության խնդիրներն ավելի իրատեսորեն պատկերացնել և միջազգային հանրության հետ հարաբերվելիս այն մեզ համար ավելի շահեկան դիրքերից ներկայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել