2005թ․-ին Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, հայտնի տնտեսագետ Սթիվեն Լևիթը (Steven D. Levitt) և ամերիկյան «Նյու Յորք Թայմս» հեղինակավոր օրաթերթի լրագրող Ստեփան Դաբները (Stephen J. Dubner) համատեղ հրատարակեցին մի գիրք, որը ուսումնասիրում է բազմաթիվ սոցիալական երևույթների տնտեսագիտական կողմը։ Եզրակացությունները հիմնված են վիճակագրական տվյալների վրա, (ցանկացած ՝ գիտությանը մոտ կանգնած անձ, ով կարդացել է գիրքը, կհասկանա, թե որքան խրթին է եղել հեղինակների համար այդ ահռելի վիճակագրական տվյալները հայթայթելը) որոնք վերլուծվել են բարդ տնտեսավիճակագրական գործիքներով՝ հաղորդելով առաջին հայացքից գեղարվեստական գրքին, գիտական հետազոտության շունչ։ Գրքում արծարծված հարցերը ինքնատիպ են, կարող են որակվել որպես թեթևամտության արգասիք, սակայն դրանց գերակշիռ մասը նախկինում չի քննարկվել որևէ հեղինակի կողմից, ինչը շոշափելիորեն բարձրացնում է գրքի գիտական արժեքը։ «Ֆրիկոնոմիքս»-ը գիտական և առօրեախոսակցական ոճերի մի յուրահատուկ «համաձուլվածք» է։ Գրքում կարելի է հանդիպել ինչպես բարդ և նվազ գործածելի ակադեմիական բառեր, այնպես էլ ամերիկյան ժարգոն և փոխաբերություն։ 2009թ-ի դրությամբ ամբողջ աշխարհում վաճառվել է գրքի 4 մլն․ օրինակ։ Գիրքը բաղկացած է 6 գլուխներից, որոնք համառոտ կներկայացնեմ ստորև (5 և 6-րդ գլուխները ամփոփված են են 5-րդ կետում)
1․ Ի՞նչ ընդհանրություններ ունեն ուցուցիչները և սումո ըմբիշները։ Լակոնիկ պատասխան՝ երկուսն էլ խաբում են։ Եվ այդ խաբեությունը՝ տնտեսական մղումների ուղղակի արձագանքն է։ Հեղինակները՝ Չիկագոյի դպրոցների աշակերտների առաջադիմության ցուցանիշների հիման վրա, մշակել են մի ալգորիթմ, որը ցույց է տալիս, թե արդյոք ուսուցիչը կեղծել է աշակերտների ավարտական թեստի պատասխանները թե ոչ։ Արդյունքներից պարզ է դառնում, որ մի շարք ուսուցիչներ ռետինով ջնջել են աշակերտների նշած պատասխանները՝ նպաստելով գնահատականների արհեստականորեն բարձրացմանը։ Այդպիսով, ուսուցիչները ապահովել են պարգևավճարներ իրենց համար (ուսուցիչների պարգևավճարները հիմնականում որոշվել է աշակերտների առաջադիմության հիման վրա) և ֆեդերալ բյուջեից հատկացումներ՝ իրենց դպրացների համար՝ վերջիններս ապահովագրելով փակվելու վտանգից։ Նմանապես, Ճապոնիայում, մի շարք կոռումպացված սումո ըմբիշներ պարտվել են իրենց մրցակիցների համար գերկաևոր մարտերի ժամանակ, որոնք առանցքային կարևորություն չեն ունեցել իրենց համար։
2․Ի՞նչ ընդհանրություն ունեն անշարժ գույքի գործակալները «Կու Կլուքս Կլան»-ի հետ։ «Կու Կլուքս Կլան»-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում, 19-րդ դարում, աջ ծայրահեղական, ռասիստական կազմակերպություն է: Կազմակերպության գաղափարախոսության «մեխը» սպիտակամորթների անառարկելի առավելությունն է սևամորթների նկատմամբ։ «Կլան»-ը պայքարում է տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ։ Իր ծաղկման շրջանում «կլան»-ին անդամակցում էին բազմաթիվ հարուստ անհատներ, քաղաքական գործիչներ, ուժային կառույցների աշխատողներ, ինչպես նաև միլիոնավոր շարքային ամերիկացիներ։ «Կլան»-ը լինչի դատաստանի էր ենթարկում սևամորթ ամերիկացիներին։ Ազատական գաղափարների ջատագով Սթենսոն Քենեդին անդամակցել է կլանին՝ նպատակ ունենալով ներսից կազմաքանդել այն։ Նա «կլան»-ի բոլոր գաղտնիքները հայտնեց հանրությանը՝ ԶԼՄ-ների միջոցով։ Երբևէ հզոր կլանից մնացին լոկ հիշողություններ։ Նույն կերպ տուժեցին անշարժ գույքի գործակալները, երբ ստեղծվեց համացանցը՝ նվազեցնելով ինֆորմացիոն ասիմետրիան, որը առկա է հաճախորդների և գործակալների միջև։ Ե՛վ «կլան»-ի անդամները, և՛ անշարժ գույքի գործակալները շեշտը դնում են մարդկանց վախի վրա։ «Կլան»-ի ավազակները սևամորթներին սպառնում լինչի դատաստանով (սակայն այդ մեթոդին դիմում էին խիստ հազվադեպ), մինչդեռ գործակալները ահաբեկում են, որ տունը չի վաճառվի՝ հորդորելով համաձայնվել «հիանալի» առաջարկին։ Այդպիսով վերջիններս ձգտում են հնարավոր նվազագույն ջանքերով ստանալ իրենց միջնորդավճարները (եթե 300․000$ արժողությամբ տունը վաճառվի 310․000$-ով, ապա 6% միջնորդավճար պահանջող գործակալը լրացուցիչ 10․000$ից ընդամենը 150$ կստանա (10.000-ի 6%-ը կազմում է 600$, որը գործակալը պետք է կիսի գնորդի գործակալի և իր գործակալության տնօրենի հետ), ինչ չի արդարացնում գործակալի լրացուցիչ ջանքերը)։
3․ Ինչու՞ են թմրավաճառների մեծ մասը ապրում իրենց մայրերի հետ։ Լակոնիկ պատասխան՝ փող չունեն առանձին ապրելու համար։ Իրականում միայն մաֆիայի պարագլուխներն են հարուստ, իսկ շարքային անդամները դժվարությամբ են հոգում իրենց առօրյա ծախսերը։ Չիկագոյի թմրամաֆիաներից մեկը, օրինակ, ունի մոտ 120 պարագլուխ և տասնյակ հազարավոր «զինվորներ»։ Շարքային անդամներին մղում է պարագլուխ դառնալու մոլուցքը, որի համար վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայում և համաձայն են տարիներ շարունակ լինել շարքային «զինվոր»։ Ուշագրավ է, որ նարկոմաֆիայի կառավարման կառուցվածքը (բուրգը) գրեթե նույնն է, ինչ «Մաքդոնալդս»-ինը։ Մաֆիայի կառավարման բարձրագույն օղակը, որքան էլ, որ տարօրինակ է կոչվում է «տնօրենների խորհուրդ»։
4․ Ու՞ր կորան հանցագործները
Լակոնիկ պատասխան՝ վիժեցման (abortion) ենթարկվեցին։ 1990-ական թվականներին ԱՄՆ-ում խիստ բարձր էր հանցագործության մակարդակը։ «Փորձագետները» գուժում էին հանցագործությունների սրընթաց աճի միտում հետագա տարիներին։ Բայց, հանցագործությունների, և հատկապես սպանությունների թիվը շեշտակիորեն նվազեց։ «Փորձագետները» այդ երևույթը պայմանավորեցին տնտեսական զարգացմամբ, ոստիկանների թվաքանակի ավելացմամբ, նոր ոստիկանական մարտավարություններով, բնակչության «ծերացմամբ», զենքի վաճառքի վերահսկմամբ և օրենսդրական փոփոխություններով և մի շարք այլ, առաջին հայացքից տրամաբանական թվացող պատճառներով։ Նշված գործոններից մի քանիսը, անշուշտ ունեցել են որոշակի դերակատարում։ Բայց հիմնական պատճառը, ըստ հեղինակների տնտեսավիճակագրական վերլուծության, հղիության արհեստական ընդհատման օրինականացումն էր։ Հետազուտության արդյունքները վկայում են, որ հղիության ընդհատման են դիմում գլխավորապես անցանկալի հղիության դեպքում, երբ մայրը շատ երիտասարդ է, անկիրթ և/կամ աղքատ ընտանիքից։ Եթե այդ երեխաները ծնված լինեին, ապա, ամենայն հավանականությամբ, դառնալու էին հանցագործներ։ Հակառակ երևույթը նկատվեց Ռումինիայում, երբ կոմունիստ բռնապետ Չաուշեսկուն արգելեց հղիության արհեստական ընդհատումը։ Ծնելիությունը կրկնապատկվեց՝ նպաստելով հանցավորության մակարդակի կտրուկ բարձրացմանը։
5․ Ո՞վ է լավ ծնողը։ Լակոնիկ պատասխան՝ ով ունի լավ գեներ, նյութապես ապահովված է և չունի սևեռուն մտքեր։ Լողավազանններում մահանում են անհամեմատ ավելի շատ երեխաներ, քան ատրճանակներից։ Ծնողները զգոն են, երբ տանը կա ատրճանակ, բայց բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաներին, երբ վերջիններս լողանում են լողավազանում։ Երեխայի առաջադիմության հետ չեն կոռելացվում այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են երկու ծնողների միաժամանակ ողջ լինելը, լավ թաղամասում բնակվելը, մայրը, ով չի աշխատել նախքան երեխաների՝ մանկապարտեզ հաճախելը, նախադպրոցական հաստատություններ հաճախելը, պարբերաբար ապտակելը, հեռուստացույց դիտելը և թանգարաններ այցելելը։ Փոխարենը, լավ ծնողը պետք է իմանա, որ առաջադիմության հետ կոռելացվում են (դրականորեն կամ բացասաբար) հետեևյալ փոփոխականները` ծնողների կրթական մակարդակը և սոցիալական վիճակը, ծնվելու պահին երեխայի քաշը, երեխայի՝ որդեգրված լինելը (չլինելը), ծնողների անդամակցումը «ծնողների և ուսուցիչների միությանը» և վերջապես տանը առկա գրքերի քանակը։ Ծնողների սևեռուն գաղափարները, ինչպես օրինակ երեխային տրենդային անուն դնելը և երեխաներին «լավ դպրոցներ» ուղարկելը (դպրոցներ, որտեղ հաճախում են գլխավորապես սպիտակամորթ երեխաներ և որտեղ աշակերտների առաջադիմությունը ավանդաբար բարձր է) որևէ ազդեցություն չունեն երեխայի հետագա հաջողությունների վրա։ Հեղինակները նաև նշում են, որ սևամորթ աշակերտների միջինում ցածր ակադեմիական առաջադիմությունը ածանցվում է ընտանիքի սոցիալական վիճակից՝ կոտրելով մի շարք ռասիստական կարծրատիպեր։
Ամփոփելով, նշենք, որ գիրքը չունի մեկ միավորող թեմա։ Այնուամենայնիվ, գրքում արծարծվող հարցերը կապված են մեկ կամուրջով, որի անունն է «տնտեսական խթաններ»։ Բայց և այնպես, հեղինակների եզրակացությունները չեն կրում դոգմատիկ բնույթ, քանի որ վերաբերում են մեծամասնությանը, այլ ոչ թե բոլորին անխտիր։ Վերջում նշեմ միայն, որ գիրքը զերծ է հեղինակների կանխակալ մոտեցումներից և նպատակ չի հետապնդում քարեզելու որևէ գաղափարախոսություն։
Գրքի ամբողջական տարբերակը կարելի է կարդալ կամ ներբեռնել այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել