c1853c75566e51aa0d3b4a6e742ee0f5Araratnews.am-ը գրում է.

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փակ Այինը պատասխանել է Ադրբեջանի խորհրդարանի վերջին նիստում Հայաստանի և Իրանի հարաբերությունների խորացման մասին հնչած քննադատություններին, որոնք մասնավորապես վերաբերում են վիզային ռեժիմի վերացմանը, հայտնում է APA գործակալությունը:

Ադրբեջանցի պատգամավորները դատապարտելի էին համարել Իրանի երկակի մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Իրանցի դեսպանը հայտարարել է, որ չի կարծում, թե Իրանը երկակի մոտեցում է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ:

«Երկար տարիներ հակամարտության հանդեպ Իրանի դիրքորոշումը եղել է անփոփոխ: Միջազգային կառույցներում մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին: Իրանի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք աջակցում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, այդ թվում` Ադրբեջանի: Մենք ցանկանում ենք հակամարտության խաղաղ կարգավորում, չենք ցանկանում տարածաշրջանում պատերազմի վերսկսում, քանի որ դա չի բխում տարածաշրջանի շահերից:

Իսրայելական ռեժիմը օկուպացրել է պաղեստինյան տարածքները, ճնշում է բնակչությանը: Պաղեստինի ու Ղարաբաղի հարցերն ամբողջովին տարբեր են: Մենք կարծում ենք, որ իսրայելական վարչակարգը սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար, ինչի համար էլ այն պետք է փոխվի, իսկ Պաղեստինի ժողովուրդը դառնա իր հողերի տերը:

Ես կարծում եմ, որ սխալ է այդ երկու հակամարտությունները համեմատելը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը նման չէ Պաղեստինյան հակամարտությանը: Այնտեղ Իսրայելի կատարած սպանդն ու կտտանքներն անհամեմատելի են Ղարաբաղի դեպքերի հետ»,- ասել է Իրանի դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել