ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով կանոնակարգված են անտառների, անտառային հողերի տարածքով և անտառուղիներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները և դրանց իրականացման համար հատկացվելիք ֆինանսական միջոցների աղբյուրները: Սակայն կանոնակարգված չեն այդ միջոցառումների արդյունքում առաջացած փայտանյութն անտառից դուրս բերելու և տարածքը տնօրինողի ներքին պահեստ տեղափոխելու համար անհրաժեշտ դրամական միջոցները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նշված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն ընկերության սակագնային մարժա ներառելու նպատակով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Վերջինս մերժել է` հայտնելով, որ հրամանի հավելվածում նախատեսված` փայտանյութն անտառից դուրս բերելու և ներքին պահեստ տեղափոխելու աշխատանքները ներառված չեն որոշմամբ հաստատված էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների տեխնիկական կանոնակարգ:
Հարցը կանոնակարգելու նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն առաջարկել է լրացում կատարել կառավարության համապատասխան որոշման մեջ: Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է իրականացնել էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությունն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակի ապահովման աշխատանքները: