Tert.am-ը գրում է.
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի կյանքում ստեղծագործական դադար է: Նախորդ տարին ճակատագրական էր նրա համար. ամուսնություն, երխայի ծնունդ, բաժանություն: Tert.am Youth-ի հետ հարցազրույցում դերասանուհին անկեղծացավ «միայնակ մայր» կարգավիճակի և մնացած այլ դժվարությունների մասին:
Երբևէ մտածե՞լ եք, որ եթե անգամ չամուսնանաք մի օր գուցե միայնակ մայր լինեք:
-Երեխայի հետ կապված ոչինչ ես չեմ պլանավորել: Իհարկե հաճելի է, երբ կինն ունի ամուսին կամ զուգընկեր, ով կօգնի, կսատարի երեխային մեծացնելու հարցում, բայց այդ մտքին էլ չեմ հետևել: Մայրանալու համար ես դեռ պատրաստ չէի: Այո՛, մարդիկ դերասաններին դատելով ըստ իրենց կերպարի ենթադրում են, որ վերջինս չի կարողանա ճիշտ դաստիարակել երեխային: Մայրս ինձ մեծացրել ու դաստիարակել է հայ կնոջ կերպարով և ես անշուշտ պատրաստ էի մայրանալ, բայց հղիությունս անսպասելի էր:

Միթե ամուսնացող կնոջ համար անսպասելի է հղիանալը:
-Ոչ իհարկե, բոլորն են մտածում մայրանալու մասին։ Ես դեռ ամբողջովին պատրաստ չէի դրան։ Հղիության առաջին երեք ամիսներին դեպրեսիա էր սկսվել մոտս, ես անընդհատ մտածում էի, թե ինչ եմ տալու երեխայիս: Հիմա Աստծուն շնորհակալ եմ, որ ապշեցուցիչ խելացի բալիկ է ինձ նվիրել...
Նաիրա , այն պահից սկսած, երբ հասկացաք, որ այսուհետ միայնակ մայր եք ի՞նչ ապրումներ ունեցաք:
-Ես տեսակով համարձակ եմ և միայնակ մայր լինելն ինձ չվախեցրեց:
Քիչ չեն այն կանայք, ովքեր հասարակության կարծիքներին զոհ գնալով չեն մայրանում, քանի որ վախենում են միայնակ մոր կարգավիճակից: Եղբոր կամ քրոջ երեխան երբեք չի կարող փոխարինել սեփական երեխային: Յուրաքանչյուր կին պետք է ունենա իր երեխան ու չմտածի, թե ի՞նչ է խոսում հասարակությունը: Երբ քո կյանքում, որևէ վատ բան է տեղի ունենում, այդ նույն հասարակությունը քեզ սատար չի կանգնում: Կնոջ առաքելությունը ո՞րն է` մայրանալը, ահա և վերջ...Նոր կյանք տալով կնոջ մոտ վերածնունդ է սկսվում: Ծնվում է մեկը, ով միայն քո հոտն է ճանաչում ու քեզանով ապրում։ Դա ապշեցուցիչ զգացողություն է։

-Ի՞նչ խնդիրների է բախվում միայնակ մայրը:
-Ոչ մի տեսակ խնդիրների ես չեմ բախվել: Միակ խնդիրը` միայնակ մնալու դեպրեսիան էր: Եթե այդ ընթացքում հարազատներս ու ընկերներս կողքիս չլինեին, չգիտեմ թե ինչ կկատարվեր: Մայրս անհամբերությամբ էր սպասում երեխայի ծնունդին և ամեն կերպ ինձ աջակցում էր:
Որպես կանոն միայնակ մայրերը մտահոգվում են հասարակության արձագանքներից: Ի՞նչ խորհուրդ կտաք նման կանանց:
- Եթե ինչ որ մեկի կյանքը սահուն է, չի նշանակում, որ դիմացինի կյանքն էլ է այդպիսին: Օրինակ, երբ հայ աղջիկները մինչ 30-40 տարեկան պահում են իրենց «անմեղությունը», որը հանգեցնում է շատ հիվանդությունների, դա արվում է հասարակության հանդեպ վախի պատճառով: Կարծում եմ պետք չէ զոհ գնալ հասարակության կարծիքին:

Մայրանալու ճիշտ տարիքը ո՞րն է:
-25 տարեկանից հետո աղջիկը պատրաստ է մայրանալուն: Այդ տարիքից է, որ սկսում ես հասկանալ ինքդ քեզ ու քո բնավարությունը, կենսակերպը: Այն տարիքը չէ, երբ կարող ես երեխային թողնել ծնողներիդ հետ, իսկ դու զվարճանալով տարվես: Երեխա ունենալը սուրբ երևույթ է և պետք չէ անգամ մտածել միջոցները կբավականացնեն, թե ոչ: Երեխան իր ծննդով հաջողություն է բերում:
Ինչպիսի՞ն է փոքրիկ Մարիայի բնավորությունը:
-Հղիության ընթացքում մշտապես դասական երաժշտություն եմ լսել, Վիվալդին Մարիայի ամենասիրելի կոմպոզիտորն է դարձել: Մարիան հետաքրքիր ու խելացի բալիկ է: Հիմնականում մայրս ավելի շատ է զբաղվում նրանով, քան ես: Ես միշտ հասնում եմ այն ժամանակ, երբ առանց ինձ անհնար է:



