Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովը քննարկում է Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագրի քննարկումը:
Նախագծի հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, նշեց, որ պայմանագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 51.000.000 եվրո գումարի չափով փոխառություն Մ6 միջպետական ճանապարհի՝ Վանաձորի և Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կմ երկարությամբ հատվածի վերականգնման և արդիականացման նպատակով: «Շինարարությանը հատկացվել է 36 ամիս՝ 2017-2020 թվականները, և կվերանորոգվեն այդ հատվածի վտանգավոր թունելները»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես ալավերդցի, կարևորեց այս ծրագրի դերը: «Ոչ միայն ճանապարհներն են հիմա այնտեղ անմխիթար վիճակում, շատ նեղ են և չեն համապատասխանում միջպետական ճանապարհի չափանիշներին, սա փաստ է, այլև պետք է նշեմ, որ թունելների և կամուրջներ վերանորոգումն է շատ կարևոր: Մանավանդ, այնտեղ մի թունել կա, որի ո՛չ բարձրությունը, ո՛չ լայնությունը չեն համապատասխանում իրականությանը և չափանիշներին ,և հաշվի առնելով, որ սա միջպետական ճանապարհ է»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նաև ալավերդցիների անունից բարձր է գնահատում այս ծրագրի կատարումը և հույս հայտնեց, որ արագ սա կվավերացվի: «Եթե մենք սկսում ենք աշխատանքները, բնական է, որ ճանապարհը պետք է փակվի: Երկու ճանապարհ կա Երևանից Ալավերդի գնալու համար, մեկը Տավուշի մարզով՝ Նոյեմբերյանով, մյուսը՝ Ստեփանավան-Օզուն նոր վերանորոգված ճանապարհով»,-ասաց նա և փոխնախարարին հարցրեց, թե որով խորհուրդ կտա քաղաքացիներին գնալ՝ հաշվի անելով հարմարավետությունը, անվտանգությունը:
Արթուր Առաքելյանն ասաց, որ Ստեփանավան-Օզուն ճանապարհով կգնա, իսկ Նոյեմբերյանով կվերադառնա: Նա նշեց, որ երկու ճանապարհներով էլ կարող են, սակայն առաջինն ավելի բարեկարգ է:



