Tert.am-ը գրում է.

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր,ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հարկային օրենսգրքի նախագծի հարակից զեկուցող Վարդան Այվազյանն իր ամփոփիչ ելույթում  նշեց, որ այս Հարկային օրենսգիրքը քննարկվում է  ոչ ավել ոչ պակաս յոթ տարի, մի հինգ-վեց անգամ միայն հայեցակարգեր են ներկայացվել, քսանհինգ քննարկում է լինելու:

«Ուշադիր կլինեմ, և դուք կտեսնեք քննարկում, այնպես չէ, որ այստեղ հեռուստացույցով ցույց են տալիս, մարդիկ, որ ընդհանրապես քննարկումներին չեն մասնակցել, հանկարծ տեսնում են, որ կարող են իրենք հեռուստատեսությամբ երևալ, միանգամից թռնում են ամբիոն մոտ ու սկսում են սենց իրենց թափ տալ»,-ասաց նա՝ ձեռքերը թափահարելով:

Վարդան Այվազյանն անդրադարձավ օրենսգրքի վերաբերյալ հնչած ելույթներին և ասաց.«Քանի որ անդեմ հարցադրում եղավ, անդեմ էլ պատասխանեմ ոմանց: Ես շատ լավ հասկանում եմ քաղաքական որբությունը, մարդ որ քաղաքական որբ է դառնում, պապա է ման գալիս, ճուտ, հետո որ ընկնում է ինքն այդ իրավիճակի մեջ, հատկապես երբ ինքը ջերմոցի վարունգ է լինում ու օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար ինքը պետք է ցույց տա, որ մեկ ու մեջ ընդդիմադիր կեցվածք ունի: Մի հատ լավ ընկեր ունի՝ ասում է, այնքան հեշտ է համարձակ լինել, երբ թույլատրված է, թույլատրությունը հանում ես, տակ բան չի մնում: Քանի որ երրորդ դեմքով է գնացել, երրորդ դեմքով եմ ասում, հետևությունները թողնում եմ»,-ասաց նա և նշեց, որ պատրաստ է մինչև վերջ աշխատելու և քաղաքական պատասխանատվությունը կիսելու:

Հավանաբար, Վարդան Այվազյանը պատասխանում էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ելույթին, ով նշել էր. «Այդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունե՞ք, որ հասկանաք»: Ի դեպ, Վահե Էնֆիաջյանի ելույթին անդրադարձել է նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և նշել էր.«Անկախ նրանից, ով ինչ մեծ բան ունի, պետք չի իր գլխից մեծ-մեծ թռնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել