Ուշադիր նայեք ձեր կյանքին. սթրեսների շարան, նյարդային համակարգի գերլարում, խնդիրներ ընտանիքում և աշխատավայրում, երեխաների դասերի ու կարգապահության խնդիրները՝ այս ամենը միայն ավելացնում է  մեր սպիտակ մազերը: Առհասարակ՝ ցանկացած սթրես խաթարում է մեր իմունային համակարգն ու առողջությունը և դառնում անքնության պատճառ, իսկ անքնությունը մեր կյանքի տևողության թիվ մեկ թշնամին է: Այնպես որ, եթե ուզում եք երկար ապրել, սովորեք ժամանակին թուլանալ ու լիցքաթափվել՝ այլ կերպ ասած հանգիստը երկարացնում է  մեր կյանքը:

Արագ ծերանալու մյուս պատճառը պասիվ ապրելակերպն է: եթե մարդը քիչ է շարժվում, նա ունենում է ավելորդ կիլոգրամներ: իսկ ավելորդ քաշը ինքնին արդեն կյանքի տևողությունը կրճատող մեծ գործոն է: Ճարպակալված ներիքն օրգանները չեն կարող նորմալ ու համակարգված գործել, այդ իսկ պատճառով՝ վերանայեք ձեր նախասիրությունները ձեր սննդակարգում, սնվեք առողջ, պահպանեք որոշակի սահմանափակումներ ու հաճախ  քայլեք՝ հնարավորինս երկար ու պարբերաբար:

Կյանքի տևողությունը կրճատող ամենավնասակար հանգամանքներ են նաև ծխելն  ու ալկոհոլի հանդեպ անառողջ սերը: Հիշեք՝ նույնիսկ ամենաթույլ ալկոհոլային խմիչքները սպանում են մեր օրգանիզմի կենսական բջիջները, իսկ ծխախոտի մեկ գլանակը մարդու կյանքը կրճատում է գրեթե 8 րոպեով:

Ձեր երիտասարդությունը «սպանող» հաջորդ թշնամին շաքարն է: Այդ փոքրիկ  ու թվում է՝ անմեղ ու քաղցր բյուրեղիկը իրականում մեր առողջությանը նույնքան վնասակար է, որքան որ ծխախոտը: Սակայն մի դեպքում՝ եթե մենք չարաշահում ենք շաքարի քանակն ու օգտագործում ենք մի քանի անգամ ավելին, քան անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Կարծել, որ շաքարին փոխարինողները սակավ վնասակար են՝ ևս սխալ է, ավելին՝ իրենց վնասակարությամբ շաքարի փոխարինիչները մի քանի անգամ գերազնացում են շաքարին: Այնպես որ, շաքարը սննդակարգից  բացառել պետք չէ, պարզապես չափն անցնելն է վտանգավոր:

Մեր կյանքի տևողության թշնամիներն են նաև  արևային ուլտրամանուշակագույն ճառագայթները, աղտոտված օդը, ծանր մետաղների պարունակությունը օդի ու ջրի մեջ, սակայն այս ամենը չնչին վնասակար են մեր օրգանիզմի համար, եթե համեմատության մեջ դնենք մեր օրգանիզմին մեր իսկ հասցրած վնասների հետ, որոնց մասին խոսեցինք վերևում: Հետևաբար, մեր երիտասարդությունն ու կյանքի տևողությունը երկարաձգելու  գաղտնիքի հիմնական բանալիները հենց մեր ձեռքերում են: Առողջ ապրենք, գնահատենք մեր ամեն մի օրը ու հնարավորինս դրական էմոցիաներով լցնենք մեր կյանքը:

Հեղ. Արմինե Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել