4Araratnews.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԱԺ շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի: Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին է մոտեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հավաքվածներին տեղյակ է պահել, որ այսօրվա ԱԺ արտահերթ նիստում ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը ներառված չէ:

Ակցիայի մասնակիցներից Տիգրան Խզմալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայնագրի ստորագրումը նշանակում է Հայաստանը թիրախ դարձնել: «Համաձայնագրի ստորագրումը սխալ է, դավաճանություն է, ռազմավարական մեծ սխալ: ՀՕՊ-ի համաձայնագրի ստորագրումով մենք պատերազմ ենք հայտարարում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ամբողջ աշխարհին»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Ըստ Խզմալյանի` այս համաձայնագրով մեր ապագան «լուռ վաճառվելու է» Ռուսաստանին:

Նախաձեռնության անդամները վստահ են, որ սա ռազմական «ծանր հանցագործություն է», «քանի որ պատերազմական իրավիճակում հենց հակաօդային պաշտպանությունն է որոշում պատերազմի ընթացքը, իսկ Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանը հնարավորություն կստանա, իր շահերից ելնելով, պաշտպանել կամ չպաշտպանել Հայաստանի և Արցախի օդային տարածքը»:

«Մեր նպատակն է ամեն գնով թույլ չտալ այս համաձայնագրի վավերացումը՝ Ազգային ժողովի և Բաղրամյան 26-ի դիմաց զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելով այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս չգիտակցենք ստեղծված վիճակի օրհասական բնույթը և լրջությունը»,- պնդում են նախաձեռնության անդամները:

Նրանք խորհրդարանի շենքի դիմաց կհավաքվեն այն ժամանակ, երբ քննարկվի համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել