Armfootball.com-ը գրում է.
Եվրոպայի առաջնության երկրորդ խմբի առաջին խաղում Ուելսի հավաքականը մրցում է Սլովակիայի հետ: Հանդիպումը տեղի է ունենում Բորդոյի «Մատմուտ Ատլանտիկ» մարզադաշտում:
Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին հանդիպումը երկուստեք գրոհներով: Սլովակները արդեն 3-րդ րոպեին կարող էին բացել հաշիվը: Ավագ Մարեկ Համշիկը անհատական բարձր վարպետության հաշվին շրջանցեց մրցակցի երեք ֆուտբոլիստի, դուրս եկավ հարվածային դիրք և ճիշտ հարված կատարեց: Թվում էր՝ գնդակը կհայտնվի դարպասում, սակայն դարպասապահ Ուորդինօգնության հասած Բեն Դևիսին հաջողվեց չեզոքացնել պահը:
Ուելսի հավաքականը դրանից հետո տիրեց նախաձեռնությանը: 7 րոպե անց ուելսցիները տուգանային հարվածի իրավունք ստացան: Գնդակին մոտեցավ Գարեթ Բեյլը և փայլուն հարվածով գրավեցՄատուս Կոզաչիկի պաշտպանած դարպասը:
Հատկանշական է, որ Բեյլն Ուելսի հավաքականի կազմում առաջին գոլը խփել է 10 տարի առաջ տուգանայինից կատարած հարվածով կրկին Սլովակիայի հավաքականի դարպասը: Այդ հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 7-ին: Խաղն ավարտվել է Սլովակիայի հաղթանակով՝ 5:1 հաշվով:
Վերադառնալով խաղին՝ նշենք, որ առաջին կեսի մնացած ժամանակահատվածում կողմերն առանձնապես աչքի չընկան: Ավելի ակտիվ էին ուելսցիները, սակայն գրոհները իրենցից վտանգ չէին ներկայացնում: Նույնը կարելի է ասել սլովակների համար: Առաջին կեսն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ Ուելսի:
Ընդմիջում: