Tert.am-ը գրում է.
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի վարքագիծը կարելի է հասկանալ և բացատրել պատմական առումով, բայց այն արդարացնել չի կարելի:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Արևմտահայոց Ազգային hամագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանը՝ նշելով, որ 18-րդ դարից սկսած 19-րդ դարի կեսերը, այսպես կոչված, ազգային-պահպանողական հասարակական-քաղաքական հոսանքը հիմնականում ներկայացնում էին բարձրաստիճան հայ հոգևորականները, որոնք դասակարգային առումով պաշտպանում էին սուլթանական վարչակարգի շահերը, և այդ ավանդույթը մինչև այսօր շարունակվում է:
«Մեր օրերում, հասկանալի է, որ նրա պահվածքը չի արդարացվում, հատկապես` գերմանական Բունդեսթագի ընդունած որոշումից հետո, և այդ պայմաններում Աթեշյանի վարքագիծը լիովին հակասում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման խնդիրներին»,- ասաց Արագած Ախոյանը՝ հավելելով, որ տարբեր ձևերով հնարավոր էր խուսափել այդ հայտարարությունից, իսկ ծայրահեղ դեպքում նա կարող էր հրաժարական տալ և այդպիսի հայտարարությամբ հանդես չգար՝ փրկելով իր պատիվը:
Պատգամավորն ասաց, թե կուզենար, որ Կոստանդնուպոլսում ապրող հասարակությունը ճիշտ գնահատական տար իրադարձություններին:
«Կարծեմ այնտեղ՝ Պոլսում, ստորագրահավաք է սկսել Աթեշյանի դեմ, և այստեղ ևս ստորագրահավաք է սկսելու: Շուտով՝ Հռոմի պապի Հայաստան այցի ժամանակ պարոն Աթեշյանը (նա ինձ համար արդեն պարոն է) ևս գալու է Հայաստան, հետևությունները թողնում եմ իրեն, եթե այդքանից հետո նա գա Հայաստան, ուրեմն ոչ ոք չի երաշխավորում իրեն դիմավորելու որակի համար»,- ասաց Արագած Ախոյանը:
Պատգամավորն ասաց, թե բնականաբար, ինքը չի առաջարկում սրել իրավիճակը կամ հակամարտության գնալ թուրքական իշխանությունների հետ, բայց ըստ նրա, չի կարելի նաև Էրդողանի շանտաժը կուլ տալ և պարտվողական դիրքորոշում ընդունել:
«Սա չի արդարացվում, և ես չեմ հավատում, որ Պոլսո հայկական համայնքը կիսում է իր կարծիքը: Վստահ եմ նաև, որ բազմաթիվ թուրք և քուրդ առաջադեմ գործիչներ համայնքի և պատրիարքարանի կողքին են: Այս ամենը հաշվի առնելով` Աթեշյանը կարող էր ավելի հեռատես և համարձակ քայլի գնալ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ արքեպիսկոպոսը Թուրքիայի նախագահին ուղղված նամակում գրել էր, որ «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»,- հետո նաև ավելացրել՝ «Որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր խորը ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ»։



