Panorama.am-ը գրում է.
Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում 2015 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի գործով, երբ 8 ամսական երկվորյակները մահացել էին, դատարանում նոր զագրացումներ են կատարվել:
Գործով նիստը նախագահող Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի՝ հունիսի 10-ի որոշմամբ վրաերթի հեղինակ, մեղադրյալ Ռազմիկ Ավետիսյանը գրավով ազատ է արձակվել:
Նախորդ տարի փետրվարին Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենայով ընթացող Ռազմիկ Ավետիսյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով խախտումներ: Նա սկզբում վրաերթի է ենթարկել մայթի կողքով քայլող 83-ամյա Անահիտ Կ.-ին, ապա շարունակել է մեքենայի ընթացքը, վրաերթի է ենթարկել մայթի վրա մանկասայլակով գտնվող 31-ամյա Աննա Հ.-ին՝ 8 ամսական երկվորյակ որդիների՝ Տիգրանի ու Արմանի հետ: Ըստ նույն մեղադրանքի, Ավետիսյանը տառապել է էպիլեպսիա հիվանդությամբ և մեքենա վարելու ժամանակ նոպա է առաջացել:
«Երեկ դատական նիստում դատախազի ճառ ասելուց առաջ, շատ հանկարծակի միջնորդեցին գրավ կիրառել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այս գործով տուժող Աննա Հ.-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը՝ դատավորի որոշումը համարելով «աբսուրդ» ու պնդելով, որ դատավորի այս որոշումը պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Դատարանը իր այս որոշումը, ըստ Ղազարյանի, հիմնավորել է նրանով, որ մեղադրյալ Ավետիսյանը ունի էպիլեպսիա հիվանդություն, մասնակի փոխհատուցել է տուժողներին և կալանքի տակ պահելու խոչընդոտները վերացել են և չի կարող ազդեցություն ունենալ տուժողների վրա:
Աննան, հիշեցնենք, պատահարի հետևանքով կորցրել էր 8 ամսական երկվորյակ բալիկներին: Այժմ, փաստաբանի խոսքով, հոգեբանական ծանր խնդիրներ ունի, ինչի հետևանքով արդեն հաշմանդամության կարգ է ստացել, մնացել է միայնակ՝ ամուսինը հեռացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



