Հայերիս բառապաշարում մի հզոր արտահայտություն կա՝ մարդու մտքին տեղ լինի: Այս արտահայտությունը իր ողջ շքեղությամբ ու ամենաուղղակի իմաստով դու կարող ես քո վրա զգալ մեր քաղաքի երթուղայիններում: Հենց այն պահին, երբ «մարշրուտկի շոֆեռը» հրահանգավորում է «միհատ սեղմվե՛ք» ՝ դու հականում ես, որ ցանկության դեպքում տեղ է ստեղծվում ոչ միայն քո մտքին, այլ նաև ոտքերիդ, ուսիդ, լյարդիդ, սրտիդ , գլխիդ ու նույնիսկ ուղեղիդ վրա:

Եվ այնուամենայնիվ, եթե դու ստիպված ես ամեն օր քո կյանքը ենթարկել այս լուրջ փորձությանը, որի անունն է «օգտվել քաղաքային տրանսպորտից», ուրեմն ուշադիր կարդա ու փորձիր անգիր մտապահել ներքոհիշյալ բոլոր 9 կանոնները:
Կանոն N1 Հիշի՛ր, դու իրավունք չունես նեղանալ երթուղայինի վարորդից /այսուհետ՝ տիրակալից/, եթե նա իր 100 դրամի համար մեծահոգաբար տեղ է պահանջում 100 կիլոգրամին մոտ տատիկի ու նրա պաղպաղակով թոռնիկի համար ու քեզ անպատվում է «էս ի՞նչ սերունդա, ո՛չ մեծ հարգել կա, ո՛չ տեղ զիջել» արտահայտությամբ: Ու բացարձակ կարևոր չէ, որ տվյալ երիտասարդը մի ամիս առաջ թոքի վիրահատություն տարած ուսանող է կամ հաճախասրտությամբ տառապող երեք ամսական հղի կին:
Կանոն N2 Դնելով ոտքդ երթուղայինի սանդուղքի վրա, մոռացի՛ր ով ես դու եղել մինչ այդ պահը: Այստեղ դու ոչ ոք ես, այստեղ քո խոսքը ոչինչ է՝ որտե՞ղ պիտի նստես, որտե՞ղ կանգնես, ու՞մ պիտի զիջես և երբ ու ինչ արագությամբ իջնես մեքենայից՝ որոշողը նա է, որովհետև նա «տիրակալը»:
Կանոն N3 Երթուղային բարձրանալիս, մի մոռացիր անպայման գլուխդ ինչ որ տեղի հարվածել: Արա դա սկզբում, որովհետև հակառակ դեպքում դա տեղի կունենա երթուղայինից իջնելիս, և ուրեմն ինչ լինում է, թող որ լինի միանգամից:
Կանոն N4 Դու արդեն մեքենայի մեջ ես, և ուրեմն մի՛ հապաղիր, ազատ տեղ ես տեսնում՝ տեղավորվի՛ր, ինչ որ մեկը դա արեց քեզանից շուտ՝ ուրեմն արա քո եզրահանգումները, փորձիր գտնել՝ որտեղ ես սխալվել, հստակեցրու հաշվարկներդ, որովհետև շուտով կանգառ է, և դու ունես սխալդ ուղղելու երկրորդ շանսը:
Կանոն N5 Դու արդեն նստել ես և ուրեմն փորձիր մոռանալ այն դժոխքը, որը քիչ առաջ անցել ես կանգնած վիճակում, ու հիշիր՛ր, նորից կանգառն է մոտենում, այնպես որ շուտով երթուղային է բարձրանալու ինչ-որ մի տարեց, կամ հղի կամ շատ երկար կրունկներով ու շատ կարճ շրջազգեստով մեկը ու չգտնելով ազատ նստատեղ՝ իր սաստող ու մեղադրող հայացքով հենց քո աչքերի մեջ է նայելու: Զիջել նրան ու ամբողջ ճանապարհը շարունակել որպես կուլտուրական, բայց դժոխքի կրակներում այրվող երիտասարդ, թե՞ թեքել հայացքը, հագնել ականջակալն ու պատուհանից նայել արագ հոսող պատկերներին՝ որոշողը դու ես: Սա այն հարցն է, որ խիստ անհատական մոտեցում է պահանջում, եթե իհարկե «տիրակալը» չի հրամայում անել դա:
Կանոն N6 Եթե այնուամենայնիվ դու տեղդ զիջել ես /կապ չունի հոժար կամքով թե կամքիդ հակառակ/ , ուրեմն կառչիր այն ամենից, ինչը կօգնի պահպանել հավասարակշռությունդ՝ կլինի դա նստարան, դռան բռնակ, ապակու օդափոխիչ անցք, թե առաստաղից բացված օդանցքի ճեղք: Հիշի՛ր, շուտով կտրուկ արգելակումներն են ու հետևից եկող մեկ այլ երթուղայինի հետ «ֆորմուլա 1»-ի բլից-շրջանը:
Կանոն N7 երբ արդեն մեկնարկում է «ֆորմուլա 1»-ը, մտքովդ անգամ չանցկացնես «տիրակալին» որևէ ցուցում ու առավել ևս նկատողություն անել: Նա անպայման կշրջվի դեպի քեզ ու կսկսի հետդ կռվել, բայց այդ ընթացքում չի դադարի մեքենայի արագությունը ավելացնել, ու հենց այդ պահին դու արդարամիտ-մարդասերից կվերածվես անմեղ 45 մարդու /այսինքն 12 հոգու համար նախատեսված երթուղայինի ողջ անձնակազմի/ կյանքը խլած պատահարի դրդապատճառը: Հիշի՛ր, ոչ մի խոսք, միայն աղոթք ՝ այն էլ մտքի մեջ:
Կանոն N8 Հիշի՛ր, երթուղայինի մեջ քո ժամանցի գեղարվեստական մասի պատասխանատուն միայն ու բացառապես «տիրակալն» է: Նա է որոշում՝ ի՞նչ ռադիոալիք կամ երաժշտություն դու պիտի լսես, որքա՞ն պիտի լինի ձայնի բարձրությունը, 90ականների կոնկրետ ո՞ր երգչուհու նկարներով օրացույցներ, ինչ չափի փափուկ խաղալիքներ, քանի «բրելոկ», խաչ, աչքի ուլունք, թալիսման ու վարորդի քանի՞ ընտանեկան լուսանկար պիտի զարդարի քո տեսադաշտը: Սա նրա տիրույթն է, իսկ «սեփական օրենքներով ուրիշի եկեղեցի չեն մտնում»:
Կանոն N9 Վերջապես դու տեղում ես, դու արդեն լքում ես ՆՐԱ տիրույթը: նա մեկնել է ձեռքը, որպեսզի դու փոխանցես նրան քո երթուղու վճարը: Եթե դու իսկապես գնահատում ես քո կյանքը, դու կարող ես նախքան կոպեկը «տիրակալի» ձեռքում դնելը՝ համբուրել նրա աջը, չէ՞ որ դու ողջ ես: Իսկ հետո, երբ նա քեզ կվերադարձնի քո մանրադրամը, ինչը իրականում նշանակում է, որ նա վերադրաձնում է քո իսկ սեփական գումարի մի մասը ՝ դու նրան իջնելուց անպայման շնորհակալություն կասես, ինչպես որ բոլորս ենք անում, որովհետև ենթագիտակցորեն ենք անում դա, որովհետև ներիքն մի ձայն հուշում է մեզ «ուրախացի՛ր, դու ողջ ես, քո աղոթքները տեղ հասան...և ուրեմն շնորհակալ եղիր դրա համար»:



