e0eaf9e812986dc90c85278b7ae1bAraratnews.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Սանկտ-Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման հնարավորությունը, հայտնում է Eadaily-ին:

Հունիսի 9-ին տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասանի, Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիեի միջև հանդիպում, ինչի վերաբերյալ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել իր կայքում, ապա խմբագրել այն: Զախարովայի խոսքով` դիվանագետները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման կազմակերպման տեսական հնարավորությունը:

«Մամուլի հաղորդագրությունում սխալմամբ տեղեկությունը ոչ ճիշտ է ներկայացվել: Մասնավորապես ներկայացվել է որպես առաջիկա բանակցությունների անոնս: Խոսքը համապատասխան նյութի ոչ ճիշտ կազմման մասին է, որը հրապարակվել է ԱԳՆ-ի կայքում: Տպավորություն էր, որ խոսքը տեղի ունեցած իրադարձության մասին է»,- ասել է Զախարովան` նկատելով, որ տեքստը խմբագրվել է:

Ինչ վերաբերում է այդ հանդիպման իրականություն դառնալուն` Զախարովան ասել է, որ դա ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասությունն է:

«Եթե լինեն գործնական նախապատրաստումներ, ապա դրանց մասին կհայտարարվի նախագահի մամուլի ծառայության կողմից: Պատասխանելով լրագրողի հարցին, որ հայտարարությունից տպավորություն է ստեղծվել, որ այդ հանդիպումը կարող է անցնել առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության, և եթե այդպես է, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանն իրավիճակն ամբողջովին վերցնում է իր ձեռքը։

Զախարովան հաճոյախոսություն է որակել այն հարցը, որ Մոսկվան իբրև թե իրավիճակը վերցնում է իր ձեռքը:

«Մենք շատ ենք գնահատում այն դերը, որը այդ հարցում խաղում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մենք մնում ենք գործընկերներ, և ԵԱՀԿ Մինսկի խմբին ոչ միայն պարզապես հարգում ենք, այլև՝ ակտիվորեն աշխատում ենք նրա հետ գոյություն ունեցող ձևաչափով»,- ասել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել