Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնը հաստատել է, որ Կանադան նախնական կապեր է հաստատել Իրանի հետ և բանակցություններ սկսել երկրների միջև հարաբերությունների վերականգնման շուրջ։
«Բանակցությունները պաշտոնական մակարդակով սկսվել են»,- հայտարարել է Դիոնը CBC հեռուստաալիքին։ Նախարարը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ բանակցություններն իբր ընթանում են Նյու Յորքում, որտեղ կան երկու երկրների քաղաքական պատվիրակություններ։
«Ես չեմ մեկնաբանի։ Սակայն սովորաբար երկրները, որոնք ցանկանում են վերականգնել կապերը, անում են դա աստիճանաբար՝ քայլ առ քայլ, չեզոք տարածքում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կանադան մոտ ապագայում չի ծրագրում վերսկսել Թեհրանում դեսպանատան աշխատանքը։
2012 թվականին Կանադան խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ և մեղադրել նրան Սիրիա զենքի ու զինամթերքի մատակարարումների, ինչպես նաև միջուկային ծրագրի մշակման համար։



