Panorama.am-ը գրում է.
Արցախում հրազենային ծանր վիրավորում ստացած և Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայող Հովհաննես Պողոսյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Ունենք դանդաղ, բայց դրական ընթացք: Կարևորը, որը Հովհաննեսն արդեն արձագանքում է ձայներին: Նա ամենածանր վիրավորներից է, ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորի մոտ առկա էր ուղեղային կոմա»,- նշեց հոսպիտալի պետը:
Թեև դեռ շուտ է այդ մասին խոսելը, սակայն Արամ Ասատուրյանը կարծում է, որ Հովհաննեսի դեպքում ևս իրենք կհասնեն դրական արդյունքների:
«Հաշվի առնելով մեր նախադեպերը, կարծում եմ, որ լավ արդյունք կունենանք: Սակայն չպետք է մոռանանք, որ դա նաև անհատական է, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վիրավորում է ստացել զինվորը և օրգանիզմն ինչպես կկարողանա այդ ամենը հաղթահարել: Իհարկե դեռ շուտ է այս մասին խոսել, բայց մենք կարծում ենք, որ Հովհաննեսն այս դժվար վիճակից դուրս կգա և նրա մոտ խորը հաշմանադամություն չի լինի»,- նշեց Արամ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան:
Տեղեկացնենք նաև, որ զինծառայողը երկրորդ անգամ է վիրավորվում: Առաջին վիրավորումը ստացել էր ապրիլի առաջին օրերին՝ ոտքից, և ապաքինվելուց հետո վերադարձել էր ծառայության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



