Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում այսօր մեկնարկել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Tert.am-ը Ազգային ժողովի պատգամավորների հետ զրուցել է իրենց ֆուտբոլային հետաքրքրությունների, ֆավորիտ թիմի, խաղադրույքներ կատարելու մասին և արդյո՞ք համարում են իրենց էմոցիոնալ դիտող, թե ոչ: 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը նշեց, որ շատ սիրում է ֆուտբոլ, թեև որոշել է այլևս ֆավորիտներին չասել: «Որովհետև երբ ասում եմ, չի ստացվում»,-ասաց նա: Ալիկ Արզումանյանը նշեց նաև, որ խաղադրույքներ չի կատարում: «Խաղադրույքը և սպորտը իրար հակասող հասկացություններ են»,-ասաց նա և նշեց, որ ֆուտբոլ նայում է և՛ տանը, և՛ ընկերների հետ՝ գարեջուր խմելով։

«Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը երկրպագում է Իսպանիայի հավաքականին: Նա ասաց, որ խաղադրույքներ չի անում, քանի որ միշտ պարտվել է: «Ես ինքս խորհուրդ եմ տալիս խաղադրույքներ կատարել, և իմ խորհրդով մարդիկ հաջողում են, սակայն երբ ինքս եմ խաղադրույք անում՝ տարօրինակ ձևով չի ստացվում»,-ասաց նա: Նա նշեց, որ ֆուտբոլ նայում է ընկերների հետ, բայց երեխաները ևս ֆուտբոլասեր են և իրենց հետ միասին ևս սիրում է նայել, թեև երկրպագում են տարբեր թիմերի: «Դրա համար երբեմն թեժ վիճաբանություններ են լինում»,-ասաց նա:

Տեղեկացանք նաև, որ վերջերս Արտակ Զաքարյանը Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավորներից մեկի հետ ֆուտբոլային թեմա է քննարկել. պատգամավորը փորձել է համոզել, որ Մադրիդի «Ատլետիկոն» ավելի մեծ շանսեր ունի դառնալու չեմպիոն, իսկ Արտակ Զաքարյանն ավելի շատ հակված է եղել Մադրիդի «Ռեալի» չեմպիոնությանը։ Արդյունքում՝ նրանք գրազ են եկել, իսկ այժմ Արտակ Զաքարյանը սպասում է գրազը ստանալուն: Գրազը կայանում էր նրանում, որ Հայաստանի պատգամավորի պարտվելու դեպքում պետք է 12 շիշ Արցախի գինի ուղարկեր, որը շատ դուր էր եկել իսպանացի պատգամավորին, իսկ հիմա ինքը սպասում է մեկ արկղ իսպանական գինուն:  

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ եթե ժամանակ ունենա, կդիտի «Եվրո 2016-ը»: «Ֆուտբոլի աշխարհահռչակ սուպեր մասնագետը կողքս, անհարմար չի՞ ես խոսեմ ֆուտբոլից, ես դա պրոֆեսիոնալիզմի ոտնահարում եմ համարում»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը՝ խոսքը փոխանցելով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արման Սահակյանին:

Արման Սահակյանը նշեց, որ ավանդաբար Իտալիայի հավաքականին է երկրպագում և խաղադրույքներ չի անում: «Ֆուտբոլը սիրում եմ նայել Գյումրիում»,-ասաց նա և հույս հայտնեց, որ կհաղթի Իտալիայի հավաքականը:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը շատ է հետաքրքրվում ֆուտբոլով, երկրպագում է Գերմանիայի հավաքականին և ֆավորիտ էլ համարում է նրան: «Եթե նախկինում ինձ շատ դժվար էր լինում ուրիշներին համոզել, որ Գերմանիային երկրպագեն, ապա այս տարի շատ մեծ շարժառիթ ունենք՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած բանաձևի հետ: Կարծում եմ, որ ոչ միայն իմ հորդորները, այլ ընդհանրապես այդ շատ կարևոր իրադարձությունը կնպաստի, որ Հայաստանում Գերմանիայի հավաքականի երկրպագուների թիվը ավելանա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խաղադրույքներին, ապա նա ասաց, որ 7-8 տարի առաջ, երբ ընկերը բուքմեյքերական գրասենյակ էր բացել, հանուն ընկերության 2-3 անգամ խաղադրույք կատարել է:  

«Որպես կանոն՝ ես ձախողակ եմ այդպիսի հարցերում, պարտվեցի և երդվեցի այլևս խաղադրույք չկատարել»,-ասաց նա: Շիրակ Թորոսյանը ֆուտբոլ դիտում է և՛ տանը, և՛ ընկերների հետ ինչ-որ տեղ:  

«Եթե Հայաստանի հավաքականն է խաղում, մեր գրասենյակը գտնվում է Վազգեն Սարգսյանի մարզադաշտին շատ մոտ, գրասենյակի բակից շատ տեսանելի է, հաճախ մեզ նեղություն չենք տալիս գնալ մարզադաշտ»,-ասաց նա: 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ֆուտբոլն իր համար ոչ թե մրցակցություն, այլ մշակույթ է: «Ես միշտ նայում եմ որպես գեղեցիկ արվեստ, դրա համար չունեմ սիրած թիմ»-ասաց նա և նշեց, որ երբեք խաղադրույքներ չի անում: «Հարգում եմ այն թիմին, ով սիրուն է խաղում, ում սպորտի մեջ մշակույթ, գեղեցկություն, արագություն, ստեղծագործություն կա»,-ասաց նա:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը երկրպագում է Ֆրանսիայի և Իտալիայի հավաքականներին և ցավալու է նրանց համար, թեև շատ էմոցիոնալ դիտող չէ: «Ես շատ սիրում եմ ոչ թե առանձին խաղերը, այլ երբ որ հենց այսպես մրցաշարային է: Այսինքն, երբ մի քանի օր ամբողջովին այդ տրամադրությունն է հաղորդված. այդ օրերից մեկը սիրում եմ անցկացնել տանը ինչ-որ արարողությամբ, գարեջրով։ Անպայման սիրում եմ, որ գոնե մեկ-երկու խաղ բաց սրճարաններում դիտել և մեկ էլ հաճելի է նաև հին ընկերների հետ միասին նայել»,-ասաց նա և նշեց, որ այս անգամ ևս բոլոր ձևերն էլ օգտագործելու է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ավելի շատ նայում է Անգլիայի Պրեմիեր Լիգան: «Եվրո 2016-ի» հաղթողի լուրջ թեկնածու է համարում Գերմանիային, Իտալիային, Մեծ Բրիտանիային, Իսպանիային: «Ես հավաքականի պայքարի մեջ այդքան էմոցիա չեմ տեսնում, որքան ակումբային խաղերում»,-ասաց նա: Նա նշեց, որ սրճարաններում չի սիրում դիտել ֆուտբոլ, նախընտրում է տանը՝ հանգիստ միջավայրում:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ցավոք սրտի ազգային հավաքականի ֆուտբոլին չի հետևել: «Ընդհանրապես ինձ համար՝ էսթետիկայի և ֆուտբոլի ճաշակի տեսանկյունից ամենաընդունելին իսպանական չեմպիոնատն է՝ մասնավորապես «Բարսելոնան»։ Եթե իսպանացիք կարողանան այդ ոճով լավ թիմ ներկայացնել, ուրեմն իմ համակրանքը լինելու է իրենց կողմը»,-ասաց նա և նշեց, որ ինքը միայն խաղում է և խաղադրույք չի անում:

«Ֆուտբոլը ինձ համար վաղուց դարձել է առաջին հերթին գեղագիտական հաճույք։ Նայում եմ այն ֆուտբոլը, որը համապատասխանում է իմ ճաշակին և շատ էմոցիոնալ ռեակցիա եմ տալիս՝ ֆուտբոլի գեղեցկությանը»,-ասաց նա:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆուտբոլի մոլի սիրահար իրեն չհամարեց և նշեց, որ հաճախ ժամանակ չի ունենում ֆուտբոլ նայելու: Ամեն դեպքում նա ֆավորիտ համարում է իսպանացիներին: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա նա ասաց, որ այսօր պակաս չի ցավում մեր հավաքականի համար, որքան խորհրդային ժամանակաշրջանում: Նա նշեց, որ սիրում է ֆուտբոլը նայել տանը։ «Եթե բալետ եմ անում, ջիգյարով եմ անում, եթե չէ, ուղղակի լավ խաղին եմ հետևում»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ միշտ սիրել է նայել իսպանական որակի ֆուտբոլը, բայց գտնում է, որ Ֆրանսիան և Գերմանիան էլ միշտ լավ ցուցանիշ են ցուցաբերել: «Հուսով եմ, որ անակնկալներ կլինեն, գեղեցիկ խաղն է ինձ դուր գալիս, իսկ միակ թիմը, որը որ միշտ երազում եմ, որ չեմպիոն դառնա, Հայաստանն է»,-ասաց նա և նշեց, որ խաղադրույքներ չի անում և նախընտրում է հավաքվել ընկերներով՝ միասին դիտել ֆուտբոլը:

«Հետաքրքիր է նայել,հատկապես երբ կան այս կամ այն թիմի յուրահատուկ ֆանատներ»,-ասաց նա և նշեց, որ ինքը էմոցիոնալ դիտող է Հայաստանի խաղերի դեպքում, իսկ մնացածի դեպքում էմոցիան գեղեցկության նկատմամբ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել