Եվ ուրեմն, հայտնի են Միացյալ Նահանգների նախագահի երկու հիմնական թեկնածուները։ Եթե հանրապետականների մոտ Դոնալդ Թրամփը վաղուց հաղթել է փրայմերիզներն ու կուսակցության նախագահի թեկնածուն է, ապա դեմոկրատների մոտ մինչ երեկ ինտրիգը ինչ-որ չափով դեռ պահպանվում էր։ Սակայն, ուշ երեկոյան, Բերնի Սանդերսը, ով համարվում էր հիմնական ֆավորիտ Հիլարի Քլինթոնի մրցակիցը, դե ֆակտո ընդունեց իր պարտությունը և արդեն պատրաստ է հանդիպել վերջինիս՝ Թրամփի դեմ պայքարի տարբերակները քննարկելու համար։
Առաջին հայացքից, եթե ուշադիր նայենք, Քլինթոնը ամերիկյան քաղաքական հետագծի տրամաբանությամբ ֆավորիտ է Թրամփի դեմ պայքարում։ Նրան նախ և առաջ սատարում է սեփական կուսակցությունը, ինչի վերջին ակորդը նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն էր։ Օբաման հայտարարեց, որ Քլինթոնը խիզախ ու բանիմաց կին է և կարող է զբաղեցնել ԱՄՆ նախագահի պատասխանատու պաշտոնը։ Եվ երկրորդ, Քլինթոնին համակրում է երկրի իգական սեռի բնակչության մեծամասնությունը, քանի որ նախընտրական շրջանում ԱՄՆ նախկին առաջին տիկինը բազմիցս խոսել է կանանց իրավունքների պաշտպանության, պետական կառավարման ոլորտում նրանց դերի բարձրացման ու գենդերային հավասարության մասին։ Քլինթոնը հավակնում է դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը, ինչը ևս նախադեպ կարող է դառնալ այդ երկրի պատմության մեջ։
Դոնալդ Թրամփի մոտ փոքր-ինչ այլ իրավիճակ է։ Նրա վարքագծում շատ են էքսցենտրիզմ պարունակող տարրերը։ Մասնավորապես, վերջինս իր նախընտրական ելույթներում բազմիցս հայտարարել է, որ նախագահ դառնալու դեպքում արգելելու է մահմեդականների մուտքը ԱՄՆ, քանի որ Ամերիկան նրանց համար դարձել է ահաբեկչության օրրան։ Նա նաև կողմնակից է ԱՄՆ-ի հետ մշտական աշխարհաքաղաքական մրցակության հետ գտնվող Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ու ԱՄՆ դերի բալանսավորմանը աշխարհում։ Մինչդեռ ամերիկյան հասարակությունը տարիներ շարունակ կերակրվել է այն թեզով, որ Ամերիկան պարզապես ստեղծված է աշխարհում դոմինանտ և օրակարգ թելադրող լինելու համար։ Մյուս կողմից, այդ հասարակությունը իսկապես հոգնել է կեղծ պոլիտկոռեկտությունից ու քողարկված ժողովրդավարությունից և իսկապես ուզում է քաղաքական ու սոցիալական փոփոխությունները տեսնել դինամիկ պրոցեսի մեջ (Changes in action)։ Այստեղ Թրամփը որոշակի առավելություն ունի, քանի որ նրա համարյա յուրաքանչյուր ելույթ հասարակության մեջ լայն արձագանք է ստանում (բացասականն ու դրականաը այս դեպքում այդքան էլ էական չեն, քանի որ շարքային ամերիկացին սկանդալը նախընտրում է քաղաքական լրջությունից): Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է փաստել, որ օրինակ հանրապետականների շրջանում թեպետ ընդունում են Թրամփի հաղթանակը փրայմերիզներում, սակայն կուսակցության ներսում կան բավականին ծանրակշիռ քաղաքական գործիչներ, ովքեր հրաժարվել են սատարել նրան արդեն նախագահական ընտրություններում։
Երբ խոսում ենք ամերիկյան քաղաքական հետագծի մասին, նախ և առաջ նկատի ունենք աշխարհին ներկայանալու՝ նրանց մոդելի մասին։ ԱՄՆ-ը մշտապես հանդես է եկել որպես ազատությունների, մարդու իրավունքների ու խտրականությունների դեմ պայքարի առաջամարտիկ։ Դա մեծապես ամրապնդվել է նաև պետական կառավարման համակարգում բարձի պաշտոնների հոդաբաշխ բաժանման, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքական կուրսը առաջ տանելու մեջ։ Սակայն սրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը այդուհանդերձ չի դադարել իր ինտերվենցիոն ներգրավվածությունը տարբեր կոնֆլիկտների ու ռազմական հակամարտությունների մեջ։ Եվ շատ հաճախ այդ ներգրավվածությունները բացասական հետևանքներ են ունեցել նույն ժողովրդավարության ու մարդու իրավունքների տեսանկյունից։ Դրա վառ ապացույցը նախագահ Բ․ Օբամայի՝ վերջերս արած հայտարարությունն էր։ Հարցին, թե որն է համարում իր ամենամեծ սխալը նախագահության օրոք, նա պատասխանեց, որ իր կարծիքով շատ մեծ սխալ էր Լիբիայի վրա հարձակումն ու այդ երկրի առաջնորդ Մուհամադ Քադաֆիի սպանությունը։ Հանուն մարդու իրավունքների՝ պետություններ ջլատելու ու բազում մարդկային կյանքեր խլելու այս քաղաքականությունը փաստորեն դատապարտվեց հենց Ամերիկայի առաջնորդի կողմից։ Այս ֆոնին Քլինթոնի հռետորաբանությունը, որը ոչ այլ ինչ է, քան «գերտերություն թիվ 1» լոզունգ, հետևաբար նաև դեմոկրտաների քաղաքական կուրսի շարունակություն, կարող է մեծապես խանգարել վերջինիս։ Մյուս կողմից, որքան էլ ամերիկացիները քաղաքական օրակարգում փոփոխություններ ուզեն, դժվար թե գոնե այս պահին համաձայնվեն զիջել գերտերություն լինելու դոմինանտ դերը աշխարհում։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը բազմիցս անձնական վիրավորանքներ է հասցրել Քլինթոնին, ինչը ամերիկյան հասարակության կողմից բացասական արձագանք է ստացել։ Ամեն դեպքում, եթե հաշվի առնենք թերություններն ու առավելությունները, այս պահին, մինչ նախագակահան քարոզարշավի մեկնարկը, Հիլարի Քլինթոնը փոքր–ինչ առավելություն ունի Դոնալդ Թրամփի նկատմամբ, սակայն փրայմերիզները ցույց տվեցին, որ այս ընտրությունները իրենց բնույթով հավակնում են լինել ամենասկանդալայինն ու ամենաանկանխատեսելին։ Ուստի այս պահին միանշանակ ոչինչ հնարավոր չէ ասել։