Tert.am-ը գրում է.
Հունիսի 5-ին Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործի վերաբերյալ քննության ընթացքում հայտնաբերված անհերքելի փաստերի՝ տեսագրությունների հիման վրա հիմնավորվել է սպանության հիմնական կասկածյալ Վարդան Սախկալյանի ալիբին` այլուրեքությունը:
Ավելի կոնկրետ՝ նա հանցագործության ժամանակ Էջմիածնում չի եղել, իսկ հանցագործությունը կատարելու ժամին եղել է Երևանի Սարյան փողոցում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից առանց նշելու կասկածյալի տվյալները, հայտնեցին, որ 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանի սպանության 26-ամյա կասկածյալի այլուրեքությունը պարզվել է:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, հրազենային վնասվածքներով Վաղարշապատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանի դին: Պարզվել էր, որ ժամը 00:10-ի սահմանում անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում՝ նախկին պլաստմասայի գործարանի տարածքում, կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը, որը օրեր անց ազատ արձակվեց:
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով և քննությունը շարունակվում է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում:
Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 որդի, 1 դուստր: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին: