Դու, որ դեռ երեկ ինչ-որ անիմաստ այս ու այն կողմ քայլող ամբոխի մասնիկ էիր, այսօր եկել ու խոսում ես իմ ուժի մասին։ Այնպես ես խոսում, որ քիչ է մնում ձեռքդ էլ դնես ուսիս ու թփթփացնես մեծահոգաբար ու ներողամիտ։ Ասես այդ ուժը դու ես տվել ինձ, ու այսօր էլ թույլ ես տալիս, որ շարունակեմ այն կրել, ու դա քեզ չի խանգարում։ Բարի՜ ես․․․
Դու, որ անընդհատ խոսում ես հնարավորությունների ու տիեզերքի մասին, ամեն ինչ մանրացնում ու փոշիացնում ես, ու պտտելով բերում նրան, որ ուժն է ամենի կենտրոնն ու պատասխանատուն մեր բոլոր քայլերի։ Այնպես ես ժպտում, ասես իմ ուժի ինչ-որ մասնիկները քեզնից են եկել։ Ասես եթե դու չլինեիր, իմ ուժը չէր լինի այսքան ամբողջական, այսքան ոչ կանացի։
Դու, որ դեռ երեկ խառնված էիր անընդհատ ինչ-որ տեղ շտապող անցորդներին, ու անծանոթ աչքերդ տեսնելիս դժվար հոգումս ինչ-որ բան կատարվեր (այլ բան է հիմա․․․), այսօր հաղթական ու վստահ ես, որ ծանոթացել ես ինձ հետ, և որ դա հրաշալի է։
Դու այնպես ես լռում, ասես օդում մահացած բառերը կարող էին ինչ-որ մեկիս սիրտն անդառնալի խոցել, ու խղճի խայթի պատասխանատվությունից խուսափելու նպատակով թույլ չես տալիս, որ ես լինեմ իմ սխալի հեղինակը․․․ Ուժեղ ես․․․Դիմանում ես։ Չես մոտենում․․․
Ես, որ արդեն երեկ ամբոխի մասնիկ չէի, և ոչ էլ ուղղակի անցորդ, որ ուժիս շնորհիվ վերածնվել էի մի քանի անգամ գրեթե ոչնչից ու ազատվել մոխրի տգեղ սևությունից ու հիմա հասել եմ գրեթե ամենավերևները, քեզ ի՞նչ ասեմ․․․
Դու, իմ ուժին այդքան հավատացող ընկեր, չե՞ս վախենում, որ մի օր կսայթաքեմ․ կանխամտածված գուցե, գուցե հատուկ։ Որ այս ուժը չափից շատ է իմ փոքրիկ ուսերի համար։ Որ պահ եմ փնտրում, որ այն ուղղակի մի կողմ նետեմ։ Որ այս ուժը վանում է անգամ ինքս ինձ, որ սրտխառնոցի աստիճան զզվելի է այսքան ուժեղ լինելը․․․
Դու, որ դեռ երեկ ինչ-որ անիմաստ այս ու այն կողմ քայլող ամբոխի մասնիկ էիր, այսօր եկել ու խոսում ես հենց իմ ուժի մասին։ Ու այնպես ես խոսում, կարծես ուժն այնքան լավ բան է։ Կարծես այդ քողի տակ կարելի է թաքնվել ու արդարեցնել ամեն ինչ։
Բայց այսօր, երբ արդեն դու ինձ համար սովորական անցորդ չես, ոչ էլ ուղղակի ամբոխի մասնիկ, պիտի տեսնես, դու պիտի՜ նկատես, որ այս ուժը ծանրացել է ուսերիս վրա և ես իմ սեփական ցանկությունների ձեռքը կրակն եմ ընկել․․․ Ազատիր ինձ․․․ Վերցրու իմ ուժն ու կրկնապատկիր քոնը։
Ես այլևս համաձայն չեմ ուժեղ լինել․․․
Նյութի աղբյուր՝ http://angeldayan.com/uj/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել