Araratnews.am-ը գրում է.
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ Ռուսաստանին զայրացնում է Վրաստանի տարածքով այլընտրանքային էներգառեսուրսներ Եվրոպա մատակարարելու հնարավորությունը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
«Ռուսաստանի զայրույթի գլխավոր պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ չէ, ինչպես մենք ենք կարծում: Պատճառները պետք է փնտրել ավելի խորքում և այլ տեղում: Ռուսաստանի զայրույթի պատճառը էներգաանվտանգության հարցերն են, որոնք այսօր ակտիվորեն քննարկվում են Եվրոպայում, և որոնք առնչվում են էներգակիրների դիվերսիֆիկացմանը:
Հենց դա է գլխավոր պատճառը, ոչ թե այն, թե արդյոք ՆԱՏՕ-ին կմիանա՞ 3,5 միլիոն բնակչությամբ երկիրը, թե՞ ոչ: Խնդիրը Վրաստանի աշխարհագրական դիրքն է, որը խոստանում է Եվրոպային այլընտրանքային էներգառեսուրսներ մատակարարել և զրկում է Ռուսաստանին միակ էներգամատակարարը լինելուց»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: