Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին երկակի կարելի է մոտենալ, քանի որ ամեն ինչ կախված է դրա իրագործումից:

Այդ մասին այսօր գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ մամուլում էլ կան վերլուծությունների, որտեղ նշում են դրա և՛ բացասական, և՛ դրական կողմերը:

Դիտարկմանը, թե մտավախություն կա, որ այդ համաձայնագրով Հայաստանը կորցնում է օդային պաշտպանության ոլորտում իր անկախությունը, Շավարշ Քոչարյանն ասաց, թե իրականում դա այդքան էլ այդպես չէ, ապա ավելացրեց, որ դա այդպես չէ:

«Կա նաև դրա երկրորդ կողմը: Մենք շատ մանրակրկիտ հնարավորություն ենք տալու դիտարկել մեզ ամբողջ շրջապատող տարածքը: Այսինքն՝ մենք ինքներս դեռևս այն հնարավորությունը, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան, չունենք: Իսկ այդ հնարավորությունը՝ բավականաչափ դետալացված դիտարկելու համար ամբողջ մեզ շրջապատող տարածքը, կարծում եմ, որ կարևոր է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի օդային տարածքը Ռուսաստանին հանձնելու խնդիր չկա, նույնանման պայմանագրեր գործում են նաև ՀԱՊԿ շրջանակներում:

Դիտարկմանը, թե այդ համաձայնագրով Հայաստանի տարածքում որ կողմն է հրաման տալու՝ հայկական, թե ռուսական, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Հայաստանի հրամանատարությունը միշտ մնում է Հայաստանի ձեռքում»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել էր, որ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումն անցել է համաձայնեցման մի քանի փուլ, հիմա քննարկվում է երկու պետությունների օրենսդիր մարմիններում, որը ուժի մեջ կմտնի ՌԴ Պետդումայի ու Հայաստանի ԱԺ-ի կողմից վավերացումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել