Lurer.com-ը գրում է.
Տասնյակներով աղբի բաքեր, լեփ-լեցուն տոպրակներ փողոցային աղբարկղերի կողքին, թթու հոտ. հունիսի 9-ի առավոտյան Փարիզն այնքան էլ լավ տպավորություն չի թողնում. շարունակվող գործադուլի պատճառով փողոցներից աղբը ոչ ոք չի հավաքում:
Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ գործադուլների էստաֆետն ընդունել են կոմունալ ծառայությունների աշխատակիցները, որոնք պատասխանատու են աղբահանության եւ աղբի վերամշակման համար:
Փողոցները մաքրող կոմունալ աշխատողներն աղբարկերից հանում են լեփ-լեցուն տոպրակները, եւ դրանք, նույնիսկ ոչ միշտ կապելով՝ թողնում փողոցում: Աղբի բաքերը, որոնք սովորաբար բնակելի տներից դուրս են տանում դռնապանները, այդպես էլ մնում են մայթերին, իսկ դրանց կողքին տոպրակների սարերը շարունակում են աճել: Փարիզում հաստատված տաք եղանակը եւ արեւը նպաստում են աղբի նեխմանը, եւ գործադուլի գարշահոտությունը տարածվում է փողոցներով մեկ:
Տեղական զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ ակցիայի սկսվելուց մեկ օր անց եւ Ֆրանսիայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացումից ուղիղ մեկ օր առաջ աղբահանության ընդգրկուն խնդիրներ են ծառացել Ֆրանսիայի մայրաքաղաքի բազմաթիվ օկրուգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



