Tert.am-ը գրում է.

Մամուլում այսօր տեղեկություն է հրապարակվել, որ Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել. ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի պարտատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան և իրենց գումարները հետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն, և եթե Սամվել Բաբայանը Հայաստանից կրկին չհեռանա, առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ։

Քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, Բաբայանի հիմնական պարտատերերից է համարվում Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանը, ում տունը, Սամվել Բաբայանը տարիներ առաջ գրավ էր դրել համատեղ բիզնես սկսելու նպատակով, Tert.am-ն այսօր մի քանի հարց ուղղեց Ալբերտ Բազեյանին:

- Պարո՛ն Բազեյան, մամուլում գրվել է, որ առաջիկայում հնարավոր է Սամվել Բաբայանի պարտատերերի ցուցակ շրջանառվի: Կարելի՞ է իմանալ՝ Սամվել Բաբայանը Ձեզնից գումար պարտքով վերցրե՞լ է, Ձեր տունը գրավ դրվե՞լ է, վերադարձվե՞լ է գումարը և ո՞վ է վերադարձրել:

- Ես երբևէ այդ մասին հրապարակային չեմ խոսել: Դա մամուլում քննարկվող թեմա չի: Ես էդ մասին երբևէ չեմ ուզում խոսել: Դա էն հարցը չի, որ պիտի դառնա մամուլի քննարկման առարկա:

- Իսկ Ձեր տունը գրավից հանվե՞լ է, թե՞ ոչ:  

- Անձնական հարցեր են՝ գրավի տակ ա, գրավի տակ չի, դա մամուլի քննարկման թեմա չեմ ուզում դառնա: Ես էդ մասին ոչ խոսել եմ, ոչ էլ խոսելու եմ:

- Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ հնարավոր է պարտատերերի ցուցակ շրջանառության տակ դրվի:

- Իմ առումով բացառում եմ, ես չգիտեմ՝ ինչ ցուցակի մասին է խոսքը, տեղյակ չեմ, չեմ էլ ուզում էդ մասին խոսել:

- Իսկ Սամվել Բաբայանի վերջին գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում, նրա մուտքը Արցախ:  

- Ես վերջին շրջանում մամուլում երբևէ հանդես չեմ եկել և տեսակետ չեմ արտահայտելու, չեմ մեկնաբանում:

- Պարոն Բազեյան, իսկ քառօրյա պատերազմում Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել, գնացե՞լ եք Արցախ:

- Ես անձամբ չեմ գնացել, էն ջոկատը, որը ժամանակին ղեկավարել եմ, այդ ջոկատի տղաներին կազմակերպել եմ, գնացել են սահմանի տարբեր տեղեր:

- Պարոն Բազեյան, հանրությանը նաև հետաքրքիր է՝ Դուք այժմ ինչո՞վ եք զբաղվում:

- Սովորական գործազուրկի կարգավիճակում եմ, ինչո՞վ պետք է զբաղվեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել