Մոտենում է ամառային հանգստի շրջանը և ամբողջ տարին իրենց աշխատանքին նվիրած մարդիկ փորձում են գրպանի պարունակությանն համապատասխան հանգստավայր գտնել: Վերջին տարիներին հայերի մոտ  իրենց հանգիստն Հայաստանից դուրս անցկացնելու տենդենց է նկատվում: Պատճառները տարբեր են` սկսած այլ երկիր ու մշակույթ տեսնելու ցանկությունից, վերջացրած Հայաստանում հանգստի թանկ գներով: Բայց միշտ կան այն մարդիկ, ովքեր նախընտրում են հանգստանալ Հայաստանում: Չնայած, որ շուկան փոքր է, և հանգստյան գոտիների առաջարկներն էլ ամեն տարի  նույնն են:

«Ինչ արժե» խորագրի ներքո BlogNews-ն այսօր  որոշել է անդրադառնալ Հայաստանում հանգիստն անցկացնելու արժեքին. պարզել հայերի նախընտրած վայրերը և հանգստյան տների գները:

Հայերի համար ամառային հանգստի  հիմնական ֆավորիտները շարունակում են մնալ  Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, Սևանն ու Աղվերանը:

Ծաղկաձոր

Ծաղկաձորն համարվում է Հայաստանի էլիտար հանգստավայրերից մեկը: Իսկ էլիտարության միակ պատճառը այնտեղի գներն են: Այստեղ ամենաէժան տարբերակը ստանդարտ սենյակների դեպքում միայն գիշերակացը 12.000 դրամ է, 3-անգամյա սնունդով` 20.000 դրամ, լյուքսը գիշերակացով 32.000 դրամ, լյուքսը 3-անգամյա  սնունդով` 53.000 դրամ:

Իսկ թանկը սկսվում է 120.000 դրամից և կարող է հասնել մինչև  250.000 դրամ: 

Փաթեթեներից օգտվելու դեպքում ստանդարտ գները կարող են  նվազել մինչև 10.000 դրամի չափով: 

Դիլիջան

Դիլիջանում գները բաժանվում են սեզոնայինի և ոչ սեզոնայինի: Ամառը համարվում է սեզոն: Այդ ժամանակ գները այսպիսին են` ամենաէժանը ստանդարտ սենյակի համար գիշերակացով` 12.000 դրամ, 3-անգամյա սնունդով` 14.000 դրամ, լյուքսը`30.000 դրամ: Թանկը սկսվում է 120.000 դրամից մինչև 180.000 դրամ: Թանկ են հիմնականում քոթեջները:

Աղվերան

Չեք հավատա, բայց Աղվերանում հյուրանոց կա, որտեղ 1 անձի համար 3-անգամյա սնունդով մեկ օրվա համար կարելի է վճարել 13.000 դրամ:  Թանկ հյուրանոցներում համարներ կարելի է գտնել 140-165.000 դրամի սահմաններում: Նույն գնով կարելի է նաև քոթեջներ վարձակալել:

Սևան

Սևանում հանգիստը կարելի է բաժանել հարմարավետի և անհարմարավետի: Անհարմարավետը լճի ափին գտնվող տնակներն են, որոնք չունեն  հանգստի համար նախատեսված  պայմաններ: Ամռանը այդ տնակներում մեկ օրն արժենում է 10.000 դրամ: Հյուրանոցներում ամենաէժան համարները սկսվում են 15.000 դրամից և կարող են հասնել մինչև 160.000: 

Ջերմուկ

Չնայած, որ Ջերմուկն համարվում է  կարևոր նշանակություն ունեցող  առողջարանային քաղաք, այստեղ գները շատ մատչելի են: Կարելի է սենյակ վարձել 10.000-16.000 սահմաններում, և բավականին հարմար պայմաններով: Իսկ ամենաթանկը այստեղ 120.000 դրամանոց համարներն են ու առանձնատներն են:

Հանքավան

Հանքավանում հանգստի  էժան գները սկսվում են 10,000 դրամից, թանկը` 130-165,000 դրամ:

Բոլոր վայրերում բացի հյուրանոցներից, քոթեջներից ու տնակներից կարելի է նաև շատ մատչելի գներով բնակարաններ վարձել, պարզապես դրանք գտնելն է դժվար, քանի որ չեն համագործակցում տուրիստական գործակալությունների և կայքերի հետ:

Ամփոփելով Հայաստանում ամառային հանգստի սեզոնին հյուրանոցների առաջարկած գները` կարող ենք ասել, որ մեր երկրում հանգիստը վայելելը բավականին թանկարժեք հաճույք է: Եթե Դուք ուզում եք 7 օր ընտանիքի  անդամներով հանգստանալ այս վայրերից որևէ մեկում, և բացի գիշերակացից օգտվել նաև այլ ծառայություններից, Ձեզ 400-700.000 հազար դրամ է հարկավոր, ինչն իհարկե շատ թանկ է մեր երկրում աշխատավարձերի չափի համեմատ, և պատճառ է դառնում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում հանգստանալու  մեկնեն արտերկիր:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել