Ճանապարհներ փակելը ձեռք է բերում կամայական բնույթ
Գողթ գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել էին Գեղարդ տանող ճանապարհը: Ժամեր շարունակ այս ճանապարհով որևէ մեքենա չանցավ: Այդ ընթացքում անգամ փոքրիկ միջադեպ եղավ, գողթեցիները հրաժարվեցին ճանապարհը բացել Գեղարդ մեկնող դպրոցականների ավտոբուսի առաջ:
Փողոց փակելը այլևս որևէ հարցի մասին բարձրաձայնելու ծայրահեղ միջոց չէ: Երթևեկելի փողցներ փակելու միջոցով տարած մի քանի «հաղթանակներ» մարդկանց վստահություն են ներշնչում, որ կամայական խնդրի լուծման կարելի է հասնել հենց այս ճանապարհով: Որևէ մեկը, սակայն, չի ցանկանում մտածել այլ մարդկանց պատճառվող անհարմարությունների մասին: Նույնիսկ խնդրի կարևորությունը, լրջությունն ու օբյեկտիվությունն են մղվել երկրորդ պլան:
Գեղարդի ճանապարհն այսօր փակած գողթեցիները պայքարում են Գեղարդալճի ջրամբարի ծրագրի դեմ: Խոսքը գնում է վթարային ջրամբարի վերակառուցման մասին, որի ավարտից հետո ջուր կստանան ոչ միայն Գողթ գյուղի, այլև մի քանի այլ գյուղերի բնակչներ, սակայն գողթեցիները մտավախություն են հայտնում, որ իրենց հասանելիք ջուրը կպակասի: Այսօրվա ակցիայով Գողթի բնակիչները պահանջում էին, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները գան քննարկման, սակայն շուտով պարզ դարձավ, որ, ըստ էության, նրանց նպատակը ոչ թե քննարկում է, այլ միակողմանի դիրքորոշում հայտնելը և պահանջ ներկայացնելը: Հավաքվածներն աչքի են ընկնում նաև իրենց ծայրահեղ մոտեցումներով: Ոմանք կտրուկ նշում են, որ ջրամբարը միայն իրենցն է ու առաջարկում են այլ գյուղերի համար կառուցել նորը:
Գուցե գյուղացիների անհանգստությունն ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, մարդկանց մեջ անվստահություն կա, սակայն ցանկացած պահանջ պետք է տեղ հասցնել կառուցողական եղանակներով, հիմքում դնելով տրամաբանություն: Մի բան պարզ է, ջրամբարը, որից մինչ այս օգտվում էին միայն այս գյուղի բնակիչները, գտնվում է տեխնիկապես վատ վիճակում: Եթե անգամ կառուցվի նոր ջրամբար, որից ջուր կմատակարարվի Ողջաբերդին, Ձորաղբյուրին և Ջրվեժի ամառանոցներին, ապա Գեղարդալճի խնդիրը, միևնույն է, չի լուծվի և մի օր այն բնակիչներին ու ղեկավարությանն ավելի ծանր խնդրի առաջ է կանգնեցնելու, գուցե տհաճ ու աններելի հետևանքներով: Ուստի, բնակիչները պետք է հասկանան, որ այդ միակողմանի մոտեցումը ոչ մի տեղ չի հասցնելու: Խնդիրը պետք է քննարկվի ու փոխըմբռնման եղանակով լուծում գտնվի: