Armfootball.am-ը գրում է.
«Ալաշկերտի» չեմպիոնությունը տարբեր տեսանկյուններից տարբեր նշանավորումներ ունեցավ: Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մարզչական կարիերայում, օրինակ, դա առաջինն էր: Մարզչական կարիերայի սկզբից մինչև չեմպիոնական տիտղոս անցած ուղու և բազմաթիվ այլ հարցերի մասին Totalfootball.am-ը ծավալուն հարցազրույց է ունեցել մարզչի հետ:
...Ես միշտ ձգտում եմ առավելագույնին...
- Պարո´ն Խաշմանյան, գնանք մարզչական կարիերայի սկիզբ. երբ որուշում էիք մարզիչ դառնալ, ի՞նչ հեռանկարներ էիք տեսնում, ի՞նչ մոտիվացիա ունեիք:
- Ինձ համար թե´ խաղային պրոֆեսիոնալ կարիերայում, թե´ որպես մարզիչ` միշտ մի նպատակ կա. միշտ ձգտում եմ առավելագույնին, առավելագույնը քաղելուն: Կյանքում էլ եմ այդպիսին:
- Այդ առավելագույնը մարզչական կարիերայում բավականին ուշ ստացվեց: Կամփոփե՞ք մինչև չեմպիոնություն եղած ճանապարհը:
- Ես կասեմ, որ ոչ թե ուշ ստացվեց, այլ ուղղակի կային տարբեր հանգամանքներ: Պետք է դրանք հաշվի առնենք: Ես միշտ ասել եմ, որ ինչի հասել եմ` քրտնաջան աշխատանքի, նվիրվածության, զոհաբերության, ինչ-որ տեղ` գիտելիքների (թեկուզ ֆուտբոլային` կարելի է ասել), մաքսիմալիստության շնորհիվ է եղել: Դրա համար չեմ կարծում, թե ուշ է ստացվել: Ես անցել եմ բոլոր փուլերը թե´ որպես ֆուտբոլիստ, թե´ որպես մարզիչ: Զրոյից, քայլ առ քայլ հասել եմ սրան, դրա համար ուրախ եմ, հպարտ եմ և բավարարված: Նշեցի, թե ինչի համար. մենակ եմ եղել այդ ճանապարհին և իմ առջև ավելի շատ կարմիր լույս է եղել, քան` կանաչ:
- Մեր առաջնությունում խաղացող տղաների մոտիվացիան, օրինակ, Ազգային հավաքականն է: Այստեղ աշխատող մարզիչների լավագույն մոտիվացիան ո՞րն է լինում:
- Այս հարցին կարելի է տարբեր տեսանկյուններից նայել: Նայած` ինչ ակումբում ես աշխատում, նայած` ինչի ես հասնում այդ ակումբով, ունեցածդ ֆուտբոլիստներով: Մենք միշտ պետք է անպայման հաշվի առնենք, թե ինչ ակումբ է, ինչ ենթակառուցվածքներ ունի, ինչ հնարավորություններ ունի (ֆինանսական), ինչ ֆուտբոլիստներ ունի, քանի տարվա ակումբ է, ինչերի է հասել իր պատմության ընթացքում: Այս ամենը պետք է հաշվի առնել, հետո նոր գնահատականներ տալ: Մեզ մոտ նման բան չի եղել: Հիմա նոր-նոր մենք, լրագրողները սկսել ենք այս հարցը հաշվի առնել: Մի քիչ համաձայն չեմ, որ ֆուտբոլիստների միակ բարձրագույն մոտիվացիան հավաքականն է: Ոչ բոլորին է տրվում հավաքականում խաղալ, բայց եթե դու կարողանում ես ստեղծել մի թիմ, մի ակումբ, որը կարողանում է հասնել իր մաքսիմումին, ֆուտբոլիստները շատ մեծ մոտիվացիա ունեն. դառնալ չեմպիոն, փոխչեմպիոն, Գավաթակիր, խաղալ Եվրագավաթներում, լավ դրսևորել իրեն ու արտասահմանից հրավեր ստանալ: Մոտիվացիա շատ կա ֆուտբոլում, միայն հավաքականը չէ: Մարզիչի համար էլ նույնն է. պարտադիր չէ` հավաքականի մարզիչ լինես: Կարող է` հավաքականի մարզիչ չլինես, բայց ավելի գնահատված լինես: Ընդհանրապես համարվում է, որ մարզչական կարիերայի պիկն Ազգային հավաքականի մարզիչ լինելն է, բայց ես չեմ կարծում, թե այսօրվա ֆուտբոլում դա այդպես է: Համաշխարհային ֆուտբոլին էլ եթե նայեք` շատ մեծ մարզիչներ կան, ովքեր ակումբային ֆուտբոլում են մնում:
... Մենք չենք կարող միայն մեր կաթսայի մեջ եփվել...
- Բայց, ըստ Ձեզ, ճի՞շտ է հայկական ֆուտբոլը համեմատության մեջ դնել համաշխարհային ֆուտբոլի հետ:
- Ես միշտ ասել եմ` մենք շատ ենք հետ մնացել, մասնավորապես` ակումբային ֆուտբոլով: Բայց մենք չենք կարող միայն մեր կաթսայի մեջ եփվել: Այդպես երբևիցե առաջընթաց չի լինի: Պետք է միշտ գտնենք ինչ-որ բարձր կետ ու փորձենք համեմատություններ անել, հավասարվել այդ կետին, ոչ թե անցնել, այլ գոնե հավասարվել, որպեսզի կարողանանք առաջընթաց գրանցել, այլապես չի լինելու առաջընթաց:
- Ձեր ոչ միայն խաղային, այլև` մարզչական կարիերայի սկզբնական ժամանակներում մամուլն այսչափ ակտիվ չէր: ԶԼՄ-ների ներկայիս ակտիվությունն ինչ-որ կերպ ճնշում գործադրո՞ւմ է ֆուտբոլի վրա:
- Ճիշտ եք ասում, առաջ այս կարգի չէր: Բայց երևի համեմատություն չի կարելի անել, քանի որ նախկինում մենք չունեինք ինտերնետ, չունեինք կայքեր, ընդամենը մեկ-երկու թերթ էր: Բայց հիմա այնքան շատ է այդ ամենը: Ու ես դրա մեջ միայն դրականն եմ տեսնում: Թեկուզ քննադատությունները, ճիշտ է` պետք է առողջ քննադատություն պետք է լինի, շատ լավ են ու դրանք էլ են առաջընթացի բերում: Բացասական բան չեմ տեսնում մամուլի ակտիվության մեջ: Ինչքան շատ ուշադրություն դարձնենք ֆուտբոլին մեդիայով, այդքան ավելի կարող ենք առաջ գնալ: Իսկ ինձ վրա ընդհանրապես երբեք ճնշում չեմ զգում: Ես աշխատում եմ մարդկանց հետ լինել մի մակարդակի վրա, որովհետև շատ լավ հասկանում եմ, որ դա նրանց աշխատանքն է: Սա ֆուտբոլ է, առանց քննադատության ոչինչ չի լինում:
...Տարիքը փորձառության հետ կապ չունի...
- Իսկ Ձեր երիտասարդ ֆուտբոլիստների հետ խոսո՞ւմ եք մամուլի հանդեպ և մամուլի կողմից վերաբերմունքի մասին:
- Ինձ համար ֆուտբոլը միայն խաղադաշտում չէ ու թիմն էլ նաև խաղադաշտից դուրս է թիմ: Մարզիչը միայն դաշտում չի աշխատանք կատարում: Միգուցե կան պրոֆեսիոնալ ակումբներ, որտեղ մարզիչը գալիս խաղադաշտում իր աշխատանքը կատարում ու գնում է, բայց մեզ մոտ այդպես չէ. անընդհատ հոգեբանական զրույցներ ենք ունենում, կրթում ենք, փորձում ենք տալ առավելագույնը, անգամ կյանքի հետ կապված, որովհետև ամեն ինչ փոխկապակցված է: Ինչ-որ տեղ ես տեսնում եմ մեր աշխատանքի արդյունքը, թեկուզ հենց այդ հարցում:
- Երբեմն գովեստները երիտասարդներին կտրում են իրականությունից: Թեև «Ալաշկերտում» փորձառու տղաներ են, ու այդ վտանգը, կարծես, չկա:
- Կապ չունի փորձառությունը: Այդ վտանգը կա: Ես այս առաջնության վերջին հատվածում էլ եմ խոսել այդ մասին: Բոլորը 4 տուր առաջ գրում էին, թե «Ալաշկերտը» չեմպիոն է: Ես ասում էի, որ դա այդպես չէ ու պետք չէ այդպիսի բաներ գրել, քանի որ սա ֆուտբոլ է, իսկ դա անկանխատեսելի է: Այստեղ շատ հզոր դեր է խաղում հոգեբանությունը: Ես նախավերջին տուրի պարտությունը «Շիրակից», կամ «Արարատին» պարտվելը չէի կապի դրա հետ, քանի որ իմ թիմը հոգեբանորեն պատրաստ էր: Պարզապես բախտի գործոն էր: Բայց, իհարկե, դա էլ մեծ նշանակություն ունի. չի կարելի խոսել ինչ-որ հաջողությունների մասին, քանի դեռ հարցը մինչև վերջ չես լուծել, քանի որ, որքան էլ փորձառու են, դա ազդում է նաև մարզիչների վրա: Ինձ վրա էլ կարող է ազդեցություն թողնել: Ճիշտ է` ես փորձում եմ երբեք չթուլանալ, բայց այդ ինֆորմացիան ինչ-որ կերպ մտնում է ուղեղդ ու սկսում է ազդեցություն թողնել: Ես միշտ փորձում եմ «փակել» իմ ֆուտբոլիստներին. ասում եմ` թերթ մի կարդացեք, ինտերնետ մի մտեք, բայց դա լիարժեք չէ, որովհետև նրանք մարզումից հետո գնում են տուն ու կարող են ամեն ինչ կարդալ: Եթե ունենայինք մարզաբազա, ես նրանց ընդհանրապես «կփակեի», հաջողության հասնելու համար: Պարզապես չունեմ այդ հնարավորությունը:
- Ձեր թիմի փորձառության մասին ի՞նչ կասեք:
- Ես միշտ ասել եմ` փորձը տարիքի հետ կապ չունի: Հիմա էլ լսում եմ` «Դե գիտեք, «Ալաշկերտը» փորձառու թիմ է»: Տարիքը կապ չունի փորձառության հետ: «Ալաշկերտը» 4 տարվա ակումբ է, ֆուտբոլիստներ կան, որ 30-35 տարեկան են, բայց 50 խաղ չեն խաղացել առաջնությունում: Ինձ բացատրեք` դրա փորձառությունը ո՞րն է: Ես կասեմ, որ ամենափորձառու թիմը «Փյունիկն» է, «Շիրակն» է: «Փյունիկում» 16-17 տարեկանից սկսում են խաղալ միջազգային ասպարեզում` բոլոր տարիքային հավաքականներում: Փորձը միջազգային խաղերում խաղալն է, երկար ժամանակ ֆուտբոլ խաղալն է` թեկուզ Հայաստանի առաջնությունում:
...Մենք միանշանակ ունենք թարմ ավյունի պակաս...
- «Ալաշկերտում» միջին տարիքը բավականին բարձր է, տղաների մեծ մասն այն տարիքում են, երբ արդեն սկսում են «մարել», բայց Դուք նրանցից կարողացաք մաքսիումը քաղել ու չեմպիոն դառնալ: Դա ինչպե՞ս է Ձեզ հաջողվում:
- 27-28 տարեկանում չեն մարում, դա ֆուտբոլի համար լավ տարիք է: Բայց ճիշտ եք նկատել` մեզ մոտ մի քանի հոգի կան այդ տարիքի, մյուսները 30-ն անց են: Ֆուտբոլիստից առավելագույնը քաղելու հարցում մի կարևոր հանգամանք կա` մարզումային գործընթաց: Դա պետք է բավականին լավ մակարդակի վրա լինի, ծանրաբեռնված լինի: Մեզ մոտ կան խաղացողներ, ովքեր այդ տարիքում էլ գտնվում են բավականին լավ վիճակում: Ես կարծում եմ, որ իրենք գոնե մեկ մրցաշրջան կգտնվեն նույն մակարդակում ու օգուտ կբերեն «Ալաշկերտին»: Գաղտնիք չկա: Պարզապես պետք է ամեն ինչ լինի կազմակերպված: Բայց մենք միանշանակ ունենք թարմ ավյունի պակաս: Մենք պետք է ունենանք մի քանի երիտասարդ խաղացող: Վաղը, մյուս օրը մենք արդեն խնդիր ենք ունենալու: Մենք այսօր արդեն խնդիրներ ունենք. թիմը պատրաստվում է Չեմպիոնների լիգային, մեզ անպայման ուժեղացում է պետք մի քանի դիրքում: Մենք Էբեր ենք կորցրել, պարզ չէ` նա կլինի, թե չի լինի: Խորեն Վերանյանն այլ հրավեր ունի ու արդեն գնացել է «Բանանց»: Նրանք առանցքային խաղացողներ էին, ու մենք կորցրել ենք նրանց: Մենք անպայման պետք է ունենանք լրացում, դրա համար փորձում ենք այս կարճ ժամանակահատվածում մի քանի լեգեոների դիտարկել, տեսնենք` ինչ կլինի: Դեռ ուժեղացում չունենք, ունենք կորուստներ:
- Լեգեոներների մասին Դուք միշտ ունեք ձեր կայուն կարծիքը: Բայց օրինակ նույն Արաուժոյից ինչ ստացաք: Բացառությո՞ւն էր:
- Ասեմ, որ Արաուժոն մեզ մոտ ցածր աշխատավարձով չէր խաղում (ծիծաղում է` հեղ.): Արաուժոյի մեջ հենց սկզբից էլ շատ մեծ պոտենցիալ էի նկատել ու, եթե հիշում եք, ասել էի, որ իրեն կտեսնեք առաջնության ընթացքում, զորեղ տղա է: Լավ է, որ չէի սխալվել նրա հարցում: Բացառություններ լինում են: Բայց փաստ է, որը բոլորն էլ գիտեն` Հայաստան բարձր մակարդակի լեգեոներ չեն գալիս: