Hraparak.am-ը գրում է.

Hraparak.am-ի նոր` «Շոու բիզնեսի բիզնեսները» շարքում ներկայացնում ենք, թե հայտնիներից ով ինչ բիզնես ունի, ինչու հենց այդ բիզնեսը և այլ մանրամասներ։ Մեր շարքի նախորդ մասում ներկայացրել էինք երգչուհի Նունե Եսայանի, Լուսինայի, Dj Վակցինայի, դերասանուհի Աննա Հարությունյանի և պարուհի Սոֆի Դևոյանի եկամտի այլ աղբյուրները։  Ժամանակին երկրպագուների բանակ ունեցած, բազմահազար աղջիկների սրտեր գերած երգիչ Արամեն 2012 թ բացեց իր անվամբ կարաոկե-ակումբը։ Այստեղ կարելի է ճաշակել եվրոպական խոհանոցի ուտեստներ, ակումբի բարում կան ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև կոկտեյլներ: Այն համարվում է ընտանեկան կարաոկե-ակումբ։ Երգիչը, խոսելով իր կարաոկե-ակումբի մասին, ասել էր, թե շրջագայությունների ընթացքում հաճախ է եղել նման վայրերում, իսկ Հայաստանում` ոչ այնքան: Այնուհետև որոշել է, որ ինքն էլ կարող է այդ բիզնեսով զբաղվել: Սկզբում ուղղակի ցանկություն է եղել` ունենալ հետաքրքիր զբաղմունք, ապա նշել էր, որ եթե բիզնես չլինի, այդ հաստատությունը չի աշխատի: 2013 թ հայտնի երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ պատրաստվում է թողարկել «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն։ Խոսելով, իր բիզնեսի մասին, նա նշել էր, որ ցանկությունը մեկն է՝ միջազգային նորևաձևությանը համապատասխան լինելով հանդերձ՝ հայ աղջիկները լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը։ Սիրուշոն նշել էր, որ իր աշխատանքը իզուր չէ, քանի որ «ՊռեԳոմեշ»-ից հետո սկսել է նկատել ազգային զարդերի և զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն։ Հումորիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանը 2012 թ հիմնադրել էին «Trio» էստրադային վոկալ ստուդիան։ «Trio» ստուդիայում երեխաներին ուսուցանում են վոկալ, դերասանի վարպետություն, սոլֆեջիո եւ պար։ Երկրորդ ուսումնական տարում երգում են եռաձայն ու քառաձայն: «Շատ երեխաներ լավ ձայն ունեն ու շնորհալի են, բայց ամաչկոտ ու բարդույթավորված են, ինչից նրանց ազատել հաջողվում է Գրիգորին: Լավագույնների հետ հետագայում կաշխատենք, հիմա էլ ուղարկում ենք մրցույթների, համերգների: Իսկ եթե հասկանում ենք, որ ընդհանրապես վոկալային տվյալներ չունեն, չենք աշխատում»,- նշել էր Հռիփսիմե Ելինյանը։ Երգիչ Հայկոն երկու բիզնես-գործունեությամբ է զբաղվում` «DesignDeLuxe» ամսագիրը եւ «H» ձայնագրման ստուդիան: Հինգ տարի է` ինչ հրատարակվում է ամսագիրը, եւ երգչի խոսքով` մեծ հաջողությունների են հասել, ամսագիրը դրված է քաղաքի լավագույն վայրերում ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում: Երգիչը նաև նշել էր, որ թեև ամսագրի վաճառքի գինը չգիտի, բայց, այնուամենայնիվ, եթե ամսագիրը գոյություն է ունենում, ուրեմն՝ նրա մոտ ամեն ինչ լավ է։ Արդեն 7 տարի է` գոյություն ունի «H» ձայնագրման ստուդիան, որը երգչի բնորոշմամբ` քաղաքի լավագույն ստուդիաներից է` ապահովված լավագույն սարքավորումներով: Ստուդիայում մեկ ժամ ձայնագրությունն արժե 8000 դրամ: Հայկոն ավելի շատ եկամուտ ստանում է գործիքավորումից եւ տարբեր ֆիլմերի համար երաժշտություններ գրելուց: Իսկ երգչի կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանի «fashion-studiօ»-ն 3 տարի է, ինչ գործում է։ Նա նշել էր, որ խանութն ունենալու ցանկություն վաղուց է եղել և ուշ թե շուտ դա պետք է աներ: Այնտեղ արվում են հագուստի հետ կապված տարբեր աշխատանքներ՝ սկսած ուղղակի հագուստի ձևափոխությունից մինչև կարելու պատվերներ: Շոու բիզնեսի ներկայացուցիչներից հայտնի բիզնեսմեն ամուսիններ են նաեւ դերասան Հովոն եւ նրա կինը` Մերի Ազոյանը: Այս տարի շոումեն, դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը բացեց իր «Ոսկեվազ» ռեստորան-գինետունը։ Խոսելով իր բիզնեսի մասին՝ Հովհաննես Ազոյանը նշել էր, որ մեծ ցանկություն է ունեցել, որպեսզի հայկական ոսկեվազը բրենդ դառնա, քանի որ դրա գինին ուղղակի անմահական է, իսկ այն բրենդ դարձնելու համար բեմ է պետք ստեղծել, որն էլ իր ռեստորանն է: Այստեղ ոչ մի կահույք հատուկ պատվիրված չէ, ամեն ինչը հայթայթելու և հետաքրքիր ատրիբուտներ գտնելու արդյունքում է ստեղծվել: Վերջերս էլ այս ռեստորանում Հովոն նշել էր կնոջ՝ դիմահարդար Մերի Ազոյանի տարեդարձը: Նա դիմահարդար է, ունի սեփական գեղեցկության սրահը` «Beautiful» անունով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել