«Թարնսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՆ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի և ՊՆ երկու գնդապետների մասնակցությամբ 145 մլն-իկոռուպցիոն սկանդալին, ասաց, թե ինքը հուսով է, որ քննության արդյունքում կձերբակալվեն ավելի բարձրաստիճան անձինք։
Հարցին, թե արդյոք սա կարելի է իրական պայքար անվանել կոռուպցիայի դեմ և հնարավո՞ր էր առանց վերադասի նման չափի խախտումներ լինեին, ասաց, թե դժվարանում է ասել՝ որքան կարող էր վերադասը ներգրավված լինել:
«Պետք է քննությունը զբաղվի դրանով: Սա բնականաբար պայքար է կոռուպցիայի դեմ, այլ հարց է՝ որքանով է դա ծավալուն լինելու, որքանով է այն տարածվելու նաև այլ մարմինների վրա: Բնականաբար մենք չենք կարող բավարարվել սրանով: Անշուշտ քառօրյա պատերազմի հետքերով է, որ այս քննություններն իրականացվում են: Որոշ բաներ այդ ընթացքում հավանաբար բացահայտվեցին, թե ինչքան թերություններ կամ վրիպակներ, լուրջ խնդիրներ են եղել համակարգում, բայց անկնալում ենք, որ սա իրականում պետք է ծավալվի բոլոր ոլորտների վրա և բոլոր մակարդակի պաշտոնատար անձանց վրա»,– ասաց:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են, որ այս գործը որևէ կապ չունի քառօրյա պատերազմի հետ և, ընդամենը, իրենք շարունակում են այն աշխատանքը, որը տարիներ շարունակ իրականացվել է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան փորձագետն ասաց. «Չգիտեմ ճիշտն ասած, որքանով է արժանապատվության հարց դա կապելը կամ չկապելը պատերազմական իրավիճակի հետ: Եթե բացահայտվեր նախկինում, մենք դրա մասին կիմանայինք: Դար համար կապը տեսնում ենք ապրիլյան պատերազմի հետ»:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր երեկ ուշ երեկոյան կալանավորվել են, մեղադրվում են իշխանությունը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն, գեներալն ու գնդապետը մեղադրվում են գնդապետ Պապյանի ազգականից 145 միլիոն դրամի չպահանջված պահեստամասեր ձեռք բերելու մեջ, այն էլ՝ ուռճացված գներով: Այս արարքի համար, ըստ Քրեական օրենսգրքի, նախատեսվում է 3-ից 7 տարվա ազատազրկում:
Գեներալ Չիլինգարյանին և գնդապետ Մարգարյանին վերագրվող հանցագործությունները տեղի են ունեցել 2011-12 թվականներին, իսկ գնդապետ Պապյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունը՝ 2015-ին:
Դիտարկմանը, որ հասարակության մեջ տեսակետ կա, որ կրկին անգամ մանր ձկներին զոհ տալու գործընթաց է և ավելի լուրջ պատասխանատուներն անտեսվում են, Սոնա Այվազյանը չհամաձայնեց սրա հետ։
«Նախ՝ շատ մանր չեն, ի վերջո այդ մարդիկ պատասխանատուներ են, որքանով են քավության նոխազ դարձրել, դա ես չեմ ուզում ասել, կյանքը ցույց կտա, սակայն իրենք պատասխանատուներ են եղել և պետք է կրեն այդ պատասխանատվությունը: Հուսով ենք, որ քննության արդյունքում անուններ կբացահայտվեն և արդյունքում կձերբակալվեն ավելի բարձրաստիճան անձինք»,– ասաց նա:
Tert.am–ի հարցին, թե այսօր կարելի՞ է ասել, որ իշխանությունը էական քայլեր է սկսել կոռուպցիայի դեմ պայքարում, փորձագետն ասաց. «Ես չեմ ասացի դա, որովհետև մենք հայտարարություն ենք արել, որում նշել ենք թե կառավարությունը ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի, որ մենք իսկապես զգանք, որ կա կոռուպցիայի դեմ պայքար և, այո, թիրախներից մեկը պետք է լիներ այս պատերազմում բացահայտված կոռուպցիոն գործարքների բացահայտումը, բայց նաև՝ նույն ԸՕ-ն: Եթե կառավարությունն այս պահին պատրաստ չէ հասարակական վերահսկողությամբ իրականացնել ընտրությունները և ապահովել հասարակության պահանջը, որ երաշխավորի վստահությունն իր նկատմամբ, շատ շուտ է, դա որակել արդյունավետ պաքայր կոռուպցիայի դեմ և բավարարվել դրանով: Դրանք քայլեր են, որ հավանաբար իրավիճակից ելնելով պետք է արվեին, շատ վատ կլիներ, եթե չարվեին և դա հույս տալիս է անշուշտ, բայց դա շատ հեռու է մեր ակնկալիքները բավարարելուց»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/04/sona-ayvazyan/2040654
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



