Վերջերս գիտնականները մի հետաքրքիր փորձ են անցկացրել անչափահասների հետ: Նրանք հետևել են սոցկայքերում ժամանակ անցկացնող մի խումբ պատանիների ու աղջիկների ուղեղի ակտիվությանը: Պարզվում է, սոցկայքերում «like»-երը անչափահասներին պարգևում են նույնքան հաճույք և էմոցիա, որքան, օրինակ՝ վիճակախաղում գումար շահելը, քանի որ երկու դեպքում էլ ակտիվանում են ուղեղի միևնույն հատվածները: Փորձն անցկացնելու նպատակով 13-16 տարեկան անչափահասների մարմնի վրա ուղեղի աշխատանքը գրանցող սարքը տեղադրելուց հետո գիտնականները նրանց առաջարկել են դիտել ինչպես սեփական, այնպես էլ իրենց հասակակիցների թվով 148 լուսանկար, որոնք ունեին «like»-երի կոնկրետ քանակություն: Եվ ինչ է պարզվել. Երբ դեռահասները տեսել են իրենց լուսանկարների տակ եղած մեծաթիվ «like»-երը, սարքը նրանց ուղեղների գերակտիվություն է գրանցել: Ամենաարագը ակտիվացել է նեյրոնների այն խումբը, որը մասնակցում է հաճույքի, ծիծաղի, կախվածության և ագրեսիայի ու վախի ձևավորման գործընթացներին: Ուղեղի այդ հատվածն առանձնահատուկ ակտիվ է հենց դեռահասության շրջանում: Գիտնականները պարզել են նաև այն հարցը, թե ի՞նչն է իրականում ազդում «like» դնելու որոշման վրա: «Միևնույն լուսանկարը մենք ցույց տվեցինք երկու տարբեր խմբերի, մեկ խմբին ներկայացված լուսանկարը ուներ շատ քիչ քանակությամբ «like», իսկ մյուս խմբին ներկայացված միևնույն լուսանկարը ուներ մեծաքանակ «like»: Դեռահասները շատ ակտիվ ու հաճույքով «like»-եցին այն լուսանկարի տակ, որը ուներ մեծ քանակությամբ «like»-եր »,-պատմում է գիտափորձի հեղինակ Լորեն Շերմանը: Սա հավաստում է այն վարկածը, որ դեռահասության տարիքում պատանիների մոտ գործում է «մեծամասնության հետ» սկզբունքը և գրեթե բացակայում է սուբյեկտիվ մոտեցումը: Հետաքրքրական մի դիտարկում ևս. դեռահասները գրեթե անտարբերություն են ցուցաբերել այն լուսանկարների հանդեպ, որոնք վերաբերել են իրական կյանքում տեղի ունեցող հասարակական շարժումներին, սոցիալական խնդիրներին ու քաղաքական հարցերին: Եվ բոլորովին հակառակը՝ դեռահասներին հետաքրքրել են այն friend –ների հրապարակած լուսանկարները, որոնց նրանք իրական կյանքում չեն էլ ճանաչում: Սա խոսում է այն մասին, որ համացանցը լուրջ վտանգ է անձի սոցիալիզացիայի գործում: Դեռահասը իրեն լրիվ կայացած է զգում համացանցում և բացարձակ անտարբեր ու անհամարձակ իրական կյանքում: պատրաստեց Արմինե Հայրապետյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



