Panorama.am-ը գրում է.
Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի քննարկման է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նոր նախագիծ, որով Հայաստանի Օմբուդսմենին նոր հնարավորություններ են տրվում:
Նախագիծը մեծապես պայմանավորված է Հայաստանում նախորդ տարի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրությամբ:
Այսպիսով, կառավարության ներկայացրած նոր նախագծով Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող օրինական գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
Այնուհետև՝ Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության:
Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Բացի այդ, ընդլայնվել են Պաշտպանի լիազորությունները, որը նույնպես բխում է նոր Սահմանադրությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



