Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայում ձերբակալված սիրիացին, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել գերմանական Դյուսելդորֆ քաղաքում, նախկինում մեղադրվել է գողության համար և պետք է քաղաքի դատարան ներկայանար հունիսի 15-ին, գրում է գերմանական Bild-ը։
Սիրիացի Սալեհը 2015թ. մարտից ապրում է Դյուսելդորֆի ծայրամասում գտնվող փախստականների ճամբարում: 2015թ. հուլիսի 26-ին նա գնացել է քաղաքի պատմական մասում գտնվող Kulisse գիշերային ակումբ։ Այնտեղ նա կողոպտել է ակումբի այցելուներից մեկին և փորձել կողոպտել ևս մեկին:
Սակայն 2-րդ զոհը ժամանակին նկատել է գողին, վեճ է սկսվել: Սալեհը կծել է հակառակորդի մատները: Վերջինիս 3 շաբաթ է պահանջվել` աշխատունակությունը վերականգնելու համար:
«Նա մեղադրվում է գողության, կողոպուտ կատարելու փորձի և մարմնական վնասվածքներ հասցնելու համար»,- հաստատել է տեղի դատարանի ներկայացուցիչը:
Սակայն Սալեհը չի կարող ներկայանալ գերմանական դատարան, քանի որ արդեն գտնվում է ֆրանսիական բանտում։



